Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության քննադատությունն արդար չէ. Բազմաթիվ գործատուներ և ներդրողներ չեն կարողանում ներգրավել աշխատուժ. Հակոբ Արշակյանը՝ ֆինանսների նախարարին

«Մեր բյուջետային գործընթացը լինելու է ծրագրային, և մեր բոլոր ոլորտային գործընկերները իրենց կողմից պետբյուջեով նախատեսված միջոցների հայտը ներկայացնելուց առաջ պետք է գնահատեն, թե այդ միջոցառման ծրագիրը որքանով է ծառայելու կառավարության կողմից սահմանված նպատակին»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հարցին:

Նախարարը տեղեկացրեց, որ իրենք այժմ ունեն մի նախագիծ, որը ծրագրերի գնահատմանն է վերաբերում. «Նախագիծը առաջիկայում կներկայացվի կառավարության քննարկմանը և հաստատմանը: Մենք գնահատումը կդարձնենք ոչ թե հայեցողական, այլ ավելի ինստիտուցիոնալ և մեխանիզմներով ամրագրված»:

Հակոբ Արշակյանը արդար չի համարում ընդդիմության քննադատությունը: Նա նկատեց. «Հայաստանում բազմաթիվ գործատուներ և ներդրողներ այսօր էլ աշխատանքի հայտարարություններ են անում և չեն կարողանում ներգրավել աշխատուժ: Մենք պե՞տք է հետևություն անենք. մենք մարդուն նշանակում ենք նպաստ, որ տանը նստի և չաշխատի՞, թե՞ պիտի ավելի շատ ներդրումային, ենթակառուցվածքային զարգացման տեսակետից հնարավորություններ ստեղծենք, որ մարդիկ գնան, աշխատեն և արարեն իրենց երկրի համար»: