Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ գլխավոր շտաբի քարտեզները միջազգային փաստաթղթեր չեն․ այդտեղ գծված սահմաններն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները տարբեր բաներ են»․ Ալեքսանդր Իսկանդարյան

«ՌԴ գլխավոր շտաբի քարտեզները միջազգային փաստաթղթեր չեն․ այդտեղ գծված սահմաններն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները տարբեր բաներ են»․ Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստան
15:13, 03 ноябрь 2021
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Ազատության հետ զրույցում՝  անդրադառնալով  Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին ՌԴ նախագահ Վ․ Պուտինի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների քարտեզը պահպանվում է գլխավոր շտաբում և այդ հարցը կարելի է լուծել միայն Ռուսաստանի օգնությամբ, ինչպես նաև, այդ գործընթացում կպահանջվեն փոխզիջումներ, նշեց, որ այս հայտարարությունը չի եղել Պուտինի հիմնական ելույթի մեջ, այլ եղել է պատասխանը՝ Վալդայի համաժողովի Իրանցի մասնակիցներից մեկի հարցին։

«Դա ինքնին հասկանալի է, որ այս գործընթացում միջնորդը կարող է լինել միայն Ռուսաստանը, և որ նա է անմիջականորեն ներգրավված այս գործընթացին։ «Քարտեզներ» կամ «ոչ քարտեզներ», դա այդպիսի խոսքի ձև է։ Նախևառաջ, գլխավոր շտաբի քարտեզները չեն հանդիսանում միջազգային փաստաթղթեր։ Այդ քարտեզներում գծած սահմանները և միջազգայինորեն ճանաչված սահմանները շատ տարբեր բաներ են։ Բայց, փաստորեն, Պուտինը խոսում էր այն մասին, որ պետք է սահմանազատման և սահմանագծման գործընթացը վերափոխել գործընթացից, որտեղ մի կողմից զինյալ մարդիկ մտնում են տարածք, պոկում են մի պատառ ու ասում, որ էլ չեն գնալու», - ասաց պարոն Իսկանդարյանը։ 

Նրա խոսքով՝  որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը առնվազն սկսեն սահմանի որոշման գործընթաց, Պուտինն ասում էր, որ այնտեղ կարող են լինել զիջումներ, ինչ-որ փոխանակումներ՝ հաշվի առնելով երկու կողմերի շահերը։ 

«Ես, մոտավորապես, այսպես եմ տեսնում Ռուսաստանի նախագահի ասածի իմաստը։ Ավելին, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նման գործակցության պատրաստությունը գնում է թաքնված, կամ թե ոչ այդքան։ Այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն երկու երկրների միջև այժմ արդեն քննարկվում են Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ», - նշեց պարոն Իսկանդարյանը՝ հավելելով, որ դա փակ ձևաչափ է, կամ պատրաստությունն այն ձևաչափի, որն, ըստ ՌԴ նախագահի և ոչ միայն ըստ նրա, վաղ թե ուշ պետք է ի հայտ գա։