Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ․ վարչապետ

«Ինչպես գիտեք, ս.թ. օգոստոսից Ադրբեջանը Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, այսինքն՝ մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ավտոճանապարհի իր տարածքով անցնող Էյվազլի, Չայզամի տարածքում»,- այսօր՝ նոյեմբերի 11-ին, կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն սահմանել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ: 

«Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ. «Նախորդ հինգշաբթի ես ինքս այդ ճանապարհով գնացել եմ Կապան և վերադարձել եմ: Կարող եմ վկայել, որ ստացել ենք իսկապես որակյալ ճանապարհ, որը որոշակի լավարկումների կարիք ունի կցորդիչով բեռնատարների առավել հարմար անցումն ապահովելու համար:

Սակայն պիտի ասեմ, որ այդ ճանապարհին տեսել եմ մի քանի տասնյակ կցորդիչով բեռնատարներ, այդ թվում՝ իրանական, որոնք ազատ երթևեկում էին»:

Վարչապետի խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր այդ ճանապարհով անցել է 100 կցորդիչով բեռնատար. «Ադրբեջանի որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում՝ այն տարբերությամբ, որ հիմա նրանք կարող են երթևեկել Տաթև-Աղվանի ասֆալտապատված ճանապարհով առանց լրացուցիչ մաքսատուրքի»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ նոր երթուղով Երևանից Կապան ժամկետը չի ավելանում, դեռ մի քիչ էլ պակասում է՝ հաշվի առնելով ճանապարհի որակը. «Երթևեկության փոփոխության արդյունքում որևէ գյուղ չի կտրվում, չնայած մի քանի գյուղերի պարագայում ճանապարհների որակի բարձրացումն անհրաժեշտություն է, և այդ հարցը հնարավորինս արագ կլուծենք»: