Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճակատեն-Կապան ճանապարհին սահմանակետ դնելը ինքնագործունեություն է և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում․ քաղաքագետ

Ճակատեն-Կապան ճանապարհին սահմանակետ դնելը ինքնագործունեություն է և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում․ քաղաքագետ
Հայաստան
14:48, 15 ноябрь 2021
ՀՀ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ սույն թվականի նոյեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը կտեղակայի անցակետ։ Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

ԱԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ՀԺԿ վարչության անդամ, Մեղրիում բնակվող Գրիգոր Հարությունյանի և քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։ 

Գրիգոր Հարությունյանն ասաց, որ այդ ճանապարհին են գտնվում դեպի Շիկահողի ենթաշրջան գնացող հինգ գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ և Ծավ։ 

«Ճակատենը Կապանի մոտից մոտիկ գյուղն է, և հենց Կապանից բարձրացող մինչև փոքրիկ լեռնանցքին հասնելը՝ որոշ տարածք Ադրբեջանինն է։ Առաջին պատերազմի ժամանակ էլ թուրքերն այդտեղ էլի փակել էին։ Այդ ժամանակ մեր բարեկամներից մեկը Կապանում մահացել էր, և հուղարկավորությունը պետք է Սրաշենում լիներ, անտառի միջով  շրջանցող գրունտային ճանապարհ կա, այդտեղով էին տարել։  Հիմա այդ հատվածում նորից եկել ուզում են սահմանակետ դնել։ Իմ ինֆորմացիայով՝ հիմա էլ այդ  գրունտային ճանապարհով ժողովուրդը գնում-գալիս է, խուսափում են թուրքերի մոտով գնալուց։ Կյուտկում փոքրիկ գյուղ կա, այդ ճանապարհը գնում-շրջանցում է»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։ 

Նա նաև ասաց, որ այդ շրջանցող ճանապարհը գնում է Մեղրի։ Նրա խոսքով՝ այս իրավիճակն էլ կկարգավորվի, թուրքն ամեն ինչ անում է, որպեսզի Մեղրիով իրեն ճանապարհ տան, բայց դա բացառվում է, այ ճանապարհը Մեղրիով չի կարելի տալ։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Ճակատենի կողմից պարսկական մեքենաներ չեն անցնում, այլ Քաջարանով են անցնում։

«Այդ շրջանցող ճանապարհը միշտ էլ եղել է, Որոտանի մոտից էլ շրջանցող ճանապարհի տարբերակ կա, կանեն, Դավիթ Բեկի հատվածից էլ ավելի հեշտ է շրջանցում անելը։ Բոլոր գյուղերը ունեն շրջանցող ճանապարհի հնարավորություն, որը կարվի, ժամանակի հարց է, պարզապես մթնոլորտը ավելորդ շիկացնում են, բայց պետք է սառնասրտորեն նայել ամեն ինչին։ Պատերազմ է եղել, այդ արդյունքներն են եղել։ Թուրքերի ուշքն ու միտքը Մեղրիի ճանապարհն է, որը բացառվում է. մերոնք չեն տա»,- ասաց Գրիգոր Հարությունյանը։        

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ ասաց, որ Ճակատեն-Կապան ճանապարհին սահմանակետեր դնելը ինքնագործունեություն է և միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։ 

«Եթե սահման որոշված չի, ինչ սահմանակետ, եթե դեմարկացիա արված չի, այդ դեպքում ինչի վրա են ինչ դնում։ Սա ուղղակի ապօրինի գործընթաց է, եթե չասեմ նաև, ըստ էության, Հայաստանի վրա ճնշում գործադրելու, այդ թվում՝ ուժի սպառնալիքի կիրառման եղանակով, ինչը միջազգայնորեն արգելված է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նա նաև նշեց, որ մինչև այդ 21 կիլոմետրանոց սահմանային հատվածով անցնող ճանապարհի այլընտրանքները լիարժեք չստեղծվեն, թուրքը և դիտորդ դաշնակիցը այս 21 կմ-ով ճնշումները Հայաստանի վրա շարունակելու են։

Նրա խոսքով՝ իհարկե չէին մարսելու, որ հայտարարվեց Հյուսիս-Հարավի վրա ԵՄ միլիոնավոր եվրոներով թունելներով ճանապարհ է կառուցվելու, չմարսվեց, որ Տաթև-Աղվանին, լավ թե վատ, կփոխարինի նախկին ճանապարհին, այժմ երեք գյուղերի կյանք դժվարացնելով են փորձելու ճնշել Հայաստանին, որ միջանցք տա։

«Նախկին ճնշումը տարածվեց Իրանի վրա էլ, ու թե ինչով ավարտվեց՝ տեսանք։ Այժմ այնպես են արել, որ ճնշումը Հայաստանից դուրս չտարածվի, Իրանին չներգրավեն, իսկ Ռուսաստանը լուռ ու համաձայն է։ Մնում է արագացնել մեր երեք գյուղերին Կապանի հետ կապող այլընտրանքի կառուցումը, մինչ այդ վերին աստիճանի կազմակերպված դարձնելով այդ գյուղերի ու սահմանի մատակարարումը՝ սնունդից մինչեւ շտապ օգնություն։ Անգամ պետք է շրջիկ ամբուլատորիա ու այլ անհրաժեշտ տեղափոխելի ծառայություններ ստեղծել այդ գյուղերի համար։ Նրանք ոչ մի բանի պակասություն չպետք է զգան։ Պետք է գործարկվեն անվճար ու կանոնավոր ավտոբուսներ՝ միջհամայնքային կապի համար, եթե հնարավոր է՝ ուղղաթիռներ։ Պետք է բոլորս որքան հնարավոր է հաճախ այցելենք այդ գյուղեր, որ մարդիկ իրենց մենակ չզգան։ Մարզպետն ու նորընտիր քաղաքապետը պարտավոր են ամեն օր այնտեղ գնալ։ Միասին։ Պետք է այնտեղ տանել միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, գործակալություններ ու արձանագրել Հայաստանի վրա արձանագրվող այս ճնշումը, հումանիտար իրավունքի խախտումները։ Բանակը պետք է առավելագույնս զգոն լինի այդ ու մնացած սահմանային հատվածներում։ Ռուսական ռազմաբազայից էլ պետք է «հրավիրել», որ տեսնեն իրենց պատասխանատվության գոտին։ Այս ամենը պետք է միջազգայնացվի բոլոր խողովակներով՝ խորհրդարանականից մինչև գործադիր ու ժողովրդական դիվանագիտության խողովակներ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նա ևս կարծում,է որ երբ այլընտրանքները ստեղծվեն, այդ 21 կիլոմետրով ճնշումն անիմաստ է դառնալու, մաքսակետեր, սահմանակետերը նույնպես։

Լիլիթ Թադևոսյան