Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օր առաջ պետք է նոր ճանապարհներ կառուցվեն, ամբողջ երկիրը պետք է ոտքի կանգնի»․ Թաթուլ Հակոբյան

«Օր առաջ պետք է նոր ճանապարհներ կառուցվեն, ամբողջ երկիրը պետք է ոտքի կանգնի»․ Թաթուլ Հակոբյան
Հայաստան
14:20, 16 ноябрь 2021
Այսօր «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ քննարկում՝ «Փաստացի շրջափակում՝ մարդու իրավունքների զանգվածային խախտումներով» թեմայով, որտեղ բանախոսները անդրադարձան հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձությունների իրավական կողմին և մարդու իրավունքների խախտումներին։

Քննարկման բանախոսներից պատմության հետազոտող, «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանը նշեց, որ  ստեղծված իրավիճակում պետք են շուտափույթ լուծումներ գտնել, որոնցից առաջինը նոր ճանապահների կառուցումն է, քանի որ խախատվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը և մարդկանց կյանքի պայմանները դժվարանում են։ Նրա խոսքով՝ բնակիչների նկատմամբ ահաբեկում է իրականցվում, քանի որ Ադրբեջանի այս կեցվածքը բացառապես ուժի ցուցադրում է՝ ասելու, որ «մենք հաղթել ենք այս պատերազմում»։ Այս իրավիճակը մտահոգությունների տեղիք է տալիս այդ շրջաններում բնակվող քաղաքացիների համար։

«Երբ մենք ստիպված եղանք ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, մեզ համար պետք է պարզ լիներ, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել տարածքներ, որոնք միմյանց հետ էին կապում հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Որոտան-Դավիթ Բեկ 21 կմ-անոց հատվածի տարբեր տեղանքների, ինչպես նաև, Կապանից Ճակատեն տանող հատվածը», - նշեց նա։ 

Պարոն Հակոբյանի խոսքով՝ բարեբախտաբար արդեն կառուցվել է Տաթև-Աղվանի-Սյունիք-Կապան ճանապարհը, և այժմ հնարավոր է շրջանցել Որոտանի հատվածը, սակայն օր առաջ պետք էր սկսել Կապանից Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհի շինարարությունը։ 

«Տեղանքն, իհարկե, բարդ է, բայց մեր աշխարհագրությունն է բարդ։ Հիմա էլ ուշ չէ։ Ես կարծում եմ, որ ամբողջ երկիրը պետք է ոտքի կանգնի և զբաղվի այս աշխատանքով, ով ինչով կարող է»,- նշեց նա։ 

Ըստ Հակոբյանի՝ Ադրբեջանն ուզում է Հայաստանը մինչև վերջ ծնկի բերել։ Մաքսակետեր տեղադրած Որոտանի և Ճակատենի հատվածներից օգտվելու դիմաց, ուզում է, որ հայկական կողմը նրանց միջանցք տրամադրի, որպեսզի նրանք անարգել կապվեն Նախիջևանի և Թուրքիայի հետ։

«Ես համարում եմ, որ մենք պետք է կրենք զրկանքներ, մեր ներդրումն ունենանք, որպեսզի հնարավորինս շուտ կառուցվեն այլընտրանքային ճանապարհները և Ադրբեջանին ստիպված չլինենք տալ ճանապարհ, որպեսզի նրանք կապվեն Նախիջևանի և Թուրքիայի հետ», - ասաց պարոն Հակոբյանը։