Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուք լրիվ խեղաթյուրում եք իրականությունը. Մենք պետք է կապիտալիզացնենք մեր այս աշխատանքը. Եղիշե Կիրակոսյանը՝ Թագուհի Թովմասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Այն մոտեցումը, որից գալիս է ձեր հարցը, սխալ է, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը հավասարության նշան չի դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ձեր ասածը շատ հեռու է իրականությունից»,- պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և հավելեց, որ ՀՀ-ի չորս միջոց բավարարված է, մինչդեռ Ադրբեջանի 1 միջոցն է բավարարվել:

Նրա խոսքով՝ պատգամավորը լրիվ խեղաթյուրում է իրականությունը. «Արդարադատության միջազգային դատարանը շատ հստակ արձանագրեց Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության, ատելության քարոզի փաստը բարձրաստիճան պետական պաշտոնատար անձանց մակարդակով: Ֆիքսեց մշակութային արժեքների ոչնչացման ռիսկը և Ադրբեջանին պարտավորեցրեց կատարելու քայլեր՝ կանխելու այդ ոչնչացումը: Գերեվարված անձանց մասով շատ հստակ ամրագրում արեց՝ արձանագրելով ոչ միայն ռասայական խտրականությամբ նախատեսված իրավունքների կարևորությունը, այլ նաև օրենքի առջև նրանց հավասարությունը: Իսկ Ադրբեջանը սխալ փաստեր ներկայացնելով՝ ասում է, թե իրենք հաղթանակ են արձանագրել: Այս մեր աշխատանքը մենք պետք է կապիտալիզացնենք: Սա կոչ է ամբողջ հանրությանը»: