Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել»․ ՊՆ փոխնախարար

«Այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել»․ ՊՆ փոխնախարար
Հայաստան
15:28, 15 март 2021
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացմանը, ասել է․ «Գլխավոր շտաբի պետի տեղակալը ժամանակավոր իրականացնում է նրա պարտականությունները։ Բնականաբար՝ Գլխավոր շտաբը աշխատում է եւ լուծում իր առջեւ դրված խնդիրները»։
Նրա խոսքով՝ ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որ Հայաստանի անվտանգային միջավայրը, անվտանգությունն ավելի ամրապնդված և երաշխավորված լինի։
ՀՀ-ում մարտի 16-20-ն անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ փոխնախարարն ասել է․ «Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է: Կարող եմ նշել՝ այս պահին էլ ՀՀ ՊՆ-ն, ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը: Խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության և մարտունակության կազմակերպմանը»։
Արման Սարգսյանի խոսքով՝ այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել: «Եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի: Բայց, դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա, որեւէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր է պատերազմ է լինելու»,- նշել է նա: