Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունը ՀՀ քաղաքացիությունը ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա

Կառավարությունը ՀՀ քաղաքացիությունը ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգն ու ժամկետները հաստատելու հնարավորություն կունենա
Հայաստան
18:52, 21 апрель 2022
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն ու լրացում կատարել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի նախագծում, ըստ որի՝ հստակեցվում են ՀՀ քաղաքացիություն ստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 21-ի նիստում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, ներկայացնելով փոփոխություն եւ լրացում կատարելու շարժառիթը, նշել է, որ առաջարկը սահմանված էր ՀՀ կառավարության 2007թ. որոշմամբ, սակայն օրենքով ամրագրված չէ, եւ գործադիրին տրված չէր այդ լիազորությունը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ նախագծի նպատակն է Կառավարությանը լիազորություն տալ՝ հաստատելու ՀՀ քաղաքացիությունը, քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու համար դիմումները քննարկելու կարգը, ժամկետները եւ եկեղեցական այն կառույցների ցանկը, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ:

Հանձնաժողովի նախագահ  Վլադիմիր Վարդանյանը, նախագիծը համարելով կարեւոր եւ անհրաժեշտ, կարծիք է հայտնել, որ ձեւակերպումները լրամշակելու կարիք կա: Այնուամենայնիվ, նա հանձնաժողովականներին կոչ է արել նախագծին դրական եզրակացություն տալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: