Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած Սոթքում հրադադարի խախտմանը՝ Սոթքի հանքավայրը մինչ օրս չի դադարեցրել աշխատանքը, վիրավոր զինծառայողի կյանքին էլ վտանգ չի սպառնում

Չնայած Սոթքում հրադադարի խախտմանը՝ Սոթքի հանքավայրը մինչ օրս չի դադարեցրել աշխատանքը, վիրավոր զինծառայողի կյանքին էլ վտանգ չի սպառնում
Հայաստան
14:29, 08 август 2022
Չնայած օրերս Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում հրադադարի խախտման դեպք էր գրանցվել, այնուամենայնիվ Սոթքի հանքավայրում աշխատանքները չեն դադարեցվել մինչ այսօր, հանքավայրն աշխատում է իր բնականոն հունով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊ ընկերության մամուլի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը։  

Նշենք, որ ըստ ՌԴ ՊՆ-ի հայտարարության՝ օգոստոսի 6-ին Գեղարքունիքի մարզի Սոթքի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի ժամկետային զինծառայող:  ՀՀ ՊՆ-ից ևս հրապարակել էին հրադադարի խախտումն ու հայտնել, որ հակառակորդի կրակոցից վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Նվեր Գևորգյանը։ 

Վիրավորում ստացած զինծառայողի հորաքույրը՝ Անահիտ Գևորգյանը, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Նվեր Գևորգյանը 1,5 տարվա զինծառայող է, գտնվում էր Սոթքում՝ առաջնագծում, օգոստոսի 6-ի երեկոյան պետքարան գնալու ժամանակ Ադրբեջանի զինծառայողներն են կրակել, կոնքազդրն է վնասվել. «Նվերն ընկել է, ընկերներն են օգնել՝ քաշելով տարել են ու շտապօգնությունով տեղափոխել հոսպիտալ»,- պատմեց Անահիտ Գևորգյանն ու հավելեց, որ իր եղբոր տղան «Մուրացան» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա խոսքով՝ բժիշկները վստահեցրել են, որ Նվերի կյանքին վտանգ չի սպառնում: «Փառք Աստծու, որևէ կենսական օրգան վնասված չի՝ ո՛չ ներվն է վնասվել, ո՛չ արյունատար անոթները։ Փամփուշտը երակի կողքով է անցել, վերքը մշակել են, ոտքն անզգայացրել»,- ասաց հորաքույրն ու նշեց, որ բժիշկները վիրահատության անհրաժեշտության հարցը դեռ նոր են որոշելու։  

Նարա Մարտիրոսյան