Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դիտորդների տեղակայում սահմանին. ուշ, բայց ոչ ուշացած առաքելություն. Կարևորը ոչ թե առաքելության ծագումն է, այլ որակն ու բարեխիղճ աշխատանքը

Դիտորդների տեղակայում սահմանին. ուշ, բայց ոչ ուշացած առաքելություն. Կարևորը ոչ թե առաքելության ծագումն է, այլ որակն ու բարեխիղճ աշխատանքը
Հայաստան
18:50, 12 октябрь 2022
ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով  կարծես թե միս ու արյուն է ստանում։ 

Նախօրեին Եվրամիության արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ և տեղյակ պահել Բաքվին Հայաստան ուղարկվելիք առաքելության մասին։

Դիվանագետները չեն բացառում, որ դիտորդների մի մասը Հայաստան կարող է գալ Վրաստանից, որտեղ Եվրամիությունն առաքելություն է տեղակայել 2008-ի սեպտեմբերից՝ ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո։ Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին նշված էր նախորդ շաբաթ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքների մասին հայտարարության մեջ։  ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, աշխատանքը պետք է սկսի հոկտեմբերին և գործի երկու ամիս:

Ինչպես և սպասելի էր, խնդրո առարկա առաքելության վերաբերյալ ՌԴ-ի կողմից հնչեց հերթական արձագանքը, որում լսելի են դիվանագիտական խանդի նոտաներ։  «Մոսկվան տեսնում է Եվրոպական միության հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, դուրս մղելու Ռուսաստանին»,- իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ միաժամանակ հավելելով.  «Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»:

 Նշենք, որ ՌԴ-ն  իր հերթին դեռ մինչև պրահյան հանդիպումը հանդես էր եկել սեփական առաջարկով՝  «ՀԱՊԿ դիտորդների օգտագործման» հնարավորությունը  «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և, ընդհանուր առմամբ, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման համար»։ 

Ո՞ր առաջարկը կհաղթի՝ ՌԴ-ի՞, թե՞ ԵՄ-ի, դեռևս հայտնի չէ, բայց ակնհայտ է այս երկուսի  մրցակցությունը, որը, ինչպես հայտնի է, կանխում է մենաշնորհները։ 

Միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը  ծագեց այն բանից հետ, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին դիմեց ռազմական ագրեսիայի և ոտնձգություն կատարեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, թիրախավորեց քաղաքացիական ենթակառուցվածքները, երկու կողմից էլ արձանագրվեցին զոհեր։ Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը որպես այդպիսի առաքելություն իրականացնող հավանական թեկնածուներ նշել էր ՄԱԿ ԱԽ-ն, ԵԱՀԿ-ն կամ մեկ այլ միջազգային կազմակերպություն։ 

Նման  առաքելություն առաջին անգամ է տեղակայվելու Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, սակայն դիտորդական խմբի տեղակայման անհրաժեշտության մասին խոսակցություն առաջին անգամ չէ, որ  վարվում է։ Այս մասին առաջին անգամ խոսվեց դեռևս նախորդ դարի մայիսին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի ուղղություններով  ներթափանցեցին ՀՀ ինքնիշխան տարածք (մասնավորապես Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներ), կիլոմետրերով խորացան և մինչ օրս չեն հեռանում։  Դեռևս այդ ժամանակ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց.  «Քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկությամբ եմ հանդես գալիս՝ ուղղված միջազգային հանրությանը, ուղղված է նաև Ադրբեջանի կառավարությանը՝ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Մենք առաջարկում ենք, որ այդ տարածքներից վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող»։  Խոսքը, ըստ Փաշինյանի, Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին էր: 
    
Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմեց  ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին՝ ռազմական օգնության համար:  Սակայն մինչև օրս  ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի «նավերը» այդպես էլ ի վիճակի  չեղան «բարձրանալ» «հայկական լեռները»։  Դիտորդական առաքելության տեղակայման թեմային  վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն անդրադարձավ նաև 2021 թ. հուլիսի 22-ի կառավարության նիստում։ «Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է: Վերահաստատում ենք Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների՝ հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների և միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ»:  

Մինչ օրս, սակայն, դիտորդների տեղակայման վերաբերյալ ՀՀ  առաջարկին  ընդառաջ որևէ  առարկայական քայլ չի կատարվել  առաջարկի հասցեատերերի կողմից։ Փոխարենը ՀՀ առաջարկին  բավական օպերատիվ արձագանքեց  Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվաղ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ նշելով, թե  առաջարկը  «պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել»:  Իսկ թե ինչ դիրքորոշում ունի  խորհրդարանական ընդդիմությունը պրահյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության՝ մասնավորապես դիտորդների տեղակայման մասին՝ հայտնի չէ, պաշտոնական որևէ արձագանք այդ մասով առայժմ չի հնչել։ 

Իսկ այ ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ»-ի քարոզչական գծի սպասարկու   Արմեն Աշոտյանը  ֆեյսբուքյան գրառմամբ  անդրադարձել էր թեմային՝ մասնավորապես  գուժելով. «ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրբեջանում՝ Ալիևը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ։  ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետևանքներով»։

Թե ինչ հետևանքների մասին է գուժում Աշոտյանը՝ միայն իրեն է հայտնի։ Նա, փաստորեն, գեոպոլիտիկ շրջադարձ է համարում սահմանին ԵՄ դիտորդների տեղակայումն այն դեպքում, երբ իրենց՝  ՀՀԿ-ի օրոք է  ստորագրվել  Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որը նույն Աշոտյանը որակում էր  ՀՀ «արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերում», «ամբիցիոզ», «ունիկալ քաղաքական փաստաթուղթ»։  

Պարոն  Աշոտյանն, ի դեպ,  հեղափոխությունից հետո խոսելով ԼՂ խնդրի բանակցային «քեյսի» մասին, անընդհատ թմբկահարում էր ՀՀ դիվանագիտության մեկ  այլ «լուրջ հաղթանակի»՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք էին բերվել Ապրիլյան պատերազմից հետո։ Ըստ այդմ՝ շփման գծի երկայնքով պետք է տեղակայվեր  ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, որը պետք է տեխնիկական համապատասխան միջոցներով վերահսկեր շփման գիծն ու  պարզեր՝  ո՞վ է առաջինը կրակում: Ալիևը, սակայն, ամեն  ինչ արեց, որպեսզի հիշյալ  պայմանավորվածությունները ի կատար չածվեն,  Ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց էլ  միջնորդներն իրենց հայտարարություններում դադարեցին հիշատակել վերոհիշյալ՝ «սառույցին գրված»  պահանջը: Դիտորդների տեղակայման մասին պայմանավորվածությունը, ըստ ՀՀԿ-ական գործչի կուռ տրամաբանության, փաստորեն մի դեպքում «դիվանագիտական հաղթանակ» է, մեկ այլ դեպքում՝ «գեոպոլիտիկ շրջադարձ»։ Ինչևէ։    

Թե ո՞ր «ծագման» դիտորդական առաքելությունը կտեղակայվի առաջիկայում Ադրբեջանի սահմանի երկայնքով, ըստ էության այնքան էլ կարևոր չէ, կարևորն այդպիսի  առաքելության կյանքի կոչումն է, ինչպես նաև դրա որակն ու ֆունկցիոնալ պարտականությունների բարեխիղճ կատարումը։ 

Արձանագրենք, որ եթե ժամանակին՝ դեռևս 2021 թ. մայիսին, ադրբեջանական առաջին ներխուժումից հետո  իրականություն դառնար Սոթք-Խոզնավար հատվածում դիտորդական խմբի  տեղակայման առաջարկը, ապա այն մեծ հավանականությամբ  զսպող նշանակություն կունենար Ադրբեջանի համար և կկանխեր վերջինիս հերթական արկածախնդրությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։  

Հեղինե Մանուկյան