Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրությունների նշանակումից հետո օրենսգիրքը փոխելը կարող է լուրջ իրավական կազուսի աղբյուր լինել․Դանիել Իոաննիսյան

Ընտրությունների նշանակումից հետո օրենսգիրքը փոխելը կարող է լուրջ իրավական կազուսի աղբյուր լինել․Դանիել Իոաննիսյան
Հայաստան
21:26, 17 апрель 2021
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 «Հանրապետության նախագահի կողմից Ընտրական օրենսգրքի՝ ռեյտինգային ընտրակարգից հրաժարումը նախատեսող փոփոխությունը չստորագրելը խնդրահարույց ու հարցեր առաջացնող է, բայց առանձնապես անհետևանք: 21 օրյա ժամկետի լրանալուն պես այն կստորագրվի ԱԺ նախագահի կողմից:

Սակայն ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ընտրական օրենսգրքի մնացած կարգավորումների ընդունումը խիստ առկախված է ու իրապես կախված է լինելու նախագահի ստորագրությունից:

Բանն այն է, որ եթե նախագիծը Ազգային Ժողովի կողմից ընդունվի, ենթադրենք, ապրիլի 26-ին ու Հանրապետության նախագահը չստորագրի այն ու էլի 21 օր սպասեցնի, օրենսգիրքը ուժի մեջ կմտնի մայիսի 20-ի կողմերը, երբ ընտրություններն արդեն նշանակված կլինեն... Իսկ ընտրությունների նշանակումից հետո օրենսգիրքը փոխելը կարող է լուրջ իրավական կազուսի աղբյուր լինել:

Հետևապես, գալիք ընտրությունները բարեփոխված ընտրական օրենսգրքով լինել-չլինելու հարցը կախված է լինելու նախագահ Արմեն Սարգսյանից: Թեև նախագահը չի օրենսդիր մարմին, բայց իրենից է կախված լինելու այն, թե գալիք ընտրություններին ինչ օրենսդրությամբ կգնանք:

Հ.Գ. Նշեմ, որ Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ նախագահը չունի օրենքը չստորագրելու իրավունք: Պարզապես, որպես ծայրահեղ դեպք, մայր օրենքով նախատեսվել է նախագահի կողմից չստորագրելու սցենար: 

Արդ, Հանրապետության նախագահը չստորագրելու քայլին կարող է դիմել միմիայն իրապես բացառիկ դեպքերում: Հանրային լայն պահանջով ԱԺ-ի կողմից Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնումը նախագահի կողմից չստորագրելը չունի ո՜չ իրավական հիմնավորում ու ո՜չ էլ ժողովրդավարական հասարակության տրամաբանությունից բխող այլ հիմնավորում»: