Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երթուղու պրոբլեմն իրականում մտացածին է, հարցը դրա իրավական կարգավորումների մեջ է․ Մենք պատրաստ ենք ճանապարհները բացել, ընդ որում՝ հենց հիմա․ ՀՀ վարչապետ

Խաղաղության պայմանագրի քննարկումների շրջանակում Ադրբեջանն ու ՀՀ-ն պարբերաբար փոխանակվում են առաջարկներով։ Հայտնի է, որ ՀՀ-ն Բաքվին երեք տարբերակ է առաջարկել, մինչդեռ Ադրբեջանը անիրատեսական է համարել առաջարկված երեք տարբերակները։ Արդյոք ո՞րն է Ադրբեջանի առաջարկը, մասնավորապես՝ ի՞նչ երթուղիով է ուզում կապվել Նախիջեւանին։ ՀՀ-ի համար ընդունելի՞ են Ադրբեջանի ենթադրյալ առաջարկները։ Պատասխանելով Civic.am-ի այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց․ «Մենք երթուղու հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Երթուղին պետք է լինի կիրառելի, որով պետք է հնարավոր լինի գնալ-գալ։ Չկա այդպիսի երթուղի, որի մասին մենք ասնեք՝ չէ, դա մեզ համար ընդունելի չէ, բացառում ենք այդ երթուղով տեղաշարժը։  Երթուղու պրոբլեմն իրականում մտացածին է, այդպիսի խնդիր չկա։ Հարցը իրավական կարգավորումների մեջ է։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության համաձայն մենք պատրաստ ենք տրամադրելու նման երթուղի, ՀՀ օրենսդրությամբ էլ սահմանված է, թե ճանապարհները ինչպես են գործում մեր երկրի տարածքով անցնելիս։ Այդ սկզբունքներով մենք պատրատ ենք ճանապարհները բացել, ընդ որում՝ հենց հիմա։ Ու ասվածում ոչ մի չափազանցություն չկա, որովհետեւ, մեծ հաշվով, կարճ ճանապարհներ նորոգելով, ընդամենը մի քանի կիլոմետր, կարելի է ապահովել դրանց գործունեությունը։ Պատրաստ ենք նաեւ նոր ճանապարհներ կառուցել։ Հարցը հետեւյալն է․ մենք ասում ենք՝ եկեք բացենք այդ ճանապարհները եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բոլորը թող կարողանան օգտվել դրանցից»։

Ճշգրտմանը՝ Ադրբեջանն արդյոք պնդե՞լ է, որ  կոնկրետ որեւէ երթուղին է ինքը ցանկանում եւ ո՞րն է այդ երթուղին։ «Բոլոր երթուղիներն էլ քննարկվել են, մենք երբեք որեւէ երթուղի չենք մերժել։ Երթուղիների հետ կապված հարցն այն է, թե որքանով է հնարավոր, որ այդտեղով ճանապարհ անցնի։ Քանի որ երթուղիներ կան, որոնք կամ հնարավոր չէ կառուցել, կամ էլ շատ թանկ է։ Մեր խնդիրը, կրկնում եմ, իրավական կարգավորումների մեջ է։ Մենք ասել ենք, որ պետք է անենք հետեւյալը՝ ճանապարհն աշխատի մեր իրավական կարգավորումներով, եռակողմ հայտարարությամբ սահմանված կարգով»,- նշեց Փաշինյանը։