Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը 3 ամսով երկարաձգեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը

Դատարանը 3 ամսով երկարաձգեց դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը
Հայաստան
18:34, 18 январь 2023
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունն ու անփոփոխ թողեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ այն երկարաձգելով 3 ամսով։

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները միջնորդել էին գրավ կամ տնային կալանք կիրառել, որը, սակայն, մերժվեց դատարանի կողմից։ 

Հիշեցնենք, որ սույն գործով մյուս երկու ամբաստանյալները՝ դատավորի օգնական Թամարա Պետրոսյանն ու փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ազատության մեջ են։  

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել է գրավով։ 

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերգեյ Գրիգորյանը՝ «ֆազ» մանկանվամբ, «օրենքով գող» է։ 
Թամարա Պողոսյանն ու Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում են դատավորին հանցագործություն կատարելու մեջ օժանդակելու համար։