Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ պատկերացնում, թե ինչ բարոյական սնանկության պիտի հասնի պաշտոնյան, որ զոհված հերոսի ընտանիքին անտեսի․Վահագն Ալեքսանյան

Չեմ պատկերացնում, թե ինչ բարոյական սնանկության պիտի հասնի պաշտոնյան, որ զոհված հերոսի ընտանիքին անտեսի․Վահագն Ալեքսանյան
Հայաստան
11:09, 03 май 2021
ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Օրերս  հայտնի վիդեոբլոգեր Ռոման Բաղդասարյանը հարցազրույց էր նկարել սյունեցի Զորավիգ Իսրայելյանի հետ, որի որդին և փեսան զոհվել են պատերազմի ընթացքում։ 

Սյունեցին պատմում էր, որ Շաքի համայնքի ղեկավարը իրենց ընտանիքին ոչ մի օգնություն չի տրամադրում միայն այն պատճառով, որ նրանք հանդիսանում են Նիկոլ Փաշինյանի աջակից։ 

Ինչքան հասկացա՝ խոսքը ոչ թե պետական միջոցներով աջակցության, այլ բարեգործականի (կամ այդպիսինը ներկայացվողի) մասին է։ 

Առաջին հերթին չեմ պատկերացնում, թե ինչ բարոյական սնանկության պիտի հասնի պաշտոնյան, որ զոհված հերոսի ընտանիքին անտեսի՝ ելնելով վերջինիս քաղաքական հայացքներից, չէ՞ որ տղերքը, երբ կռվում էին, կռվում էին թիկունքում կանգնած բոլորի համար, այդ թվում՝ այդտեսակ պաշտոնյաների ընտանիքների։ 

Բայց արդեն հարցի մյուս մասով պիտի ասեմ, որ այստեղ առերևույթ առկա են ընտրակաշառքի բանեցման ռիսկեր, իմա՝ փաստացի նախընտրական շրջանում համայնքապետը, ըստ պնդումների՝ գումար/գույք է բաժանում՝ ելնելով քաղաքական հայացքներից՝ դրանով միտումնավոր կամ ոչ դրդելով հարել կամ չհարել այս կամ այն քաղաքական միավորին։ 

Փաստի կապակցությամբ հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը։ Վերոնշյալ տեսանյութը կտեղադրեմ մեկնաբանություններում»։