Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա բոլորիս սահմանն է, Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի սահմանը չէ․ Էդմոն Մարուքյան

Սա բոլորիս սահմանն է, Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի սահմանը չէ․ Էդմոն Մարուքյան
Հայաստան
17:03, 14 май 2021
«Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագրի» սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, սա բոլորիս սահմանն է», - այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանական կողմը խախտել է մեր պետության օրենսդրությունը, տարածքային ամբողջականությունը եւ հայտնվել մի տեղում, որտեղ չպետք է հայտնվեր։ Կարծում եմ՝ մեր գործողությունները կարող են լինել երկու ուղղությամբ. առաջինը այն էր, որ հենց ի սկզբանե հատելու ժամանակ փորձ արվեր կանխել, եթե չէին կանգնում, սակայն նրանք եկել տեղակայվել են՝ նոր հայտնաբերվել են։ Ինչու՞, որովհետեւ պատերազմից հետո մենք ունենք 540 կմ նոր սահման եւ ոչ բոլոր տեղերում է հնարավոր կահավորել եւ բնականաբար ոչ բոլոր տեղերում կան զորքեր կամ սահմանապահներ»։ 

Մարուքյանը նշեց, որ եթե Ադրբեջանը չի զիջում, ապա հայկական կողմը լեգիտիմ իրավունք ունի կիրառել իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ այդ թվում ուժ կիրառել։ «Սակայն այս պահին եղած միջոցները ճիշտ են, որովհետեւ պետք է բոլոր միջոցները սպառել, նոր մնա վերջին միջոցը՝ ուժի կիրառումը․ կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ էր ՀԱՊԿ-ին դիմելը, որովհետեւ անդամ պետության սահմանում հասունանում է էսկալացիա», - հավելեց նա։

Մարուքյանը ընդգծեց․ «Սա ինձ համար ներքաղաքական բնույթի հարց չէ։ Մենք արտաքին թշնամու կողմից ստեղծված ճգնաժամը չենք օգտագործել եւ չենք օգտագործելու. մյուս քաղաքական ուժերին կոչ ենք անում անել նույնը։ Եթե թշնամին ոտնձգություն է իրականացնում մեր սահմանների նկատմամբ, ապա այդ սահմանը «Քաղաքացիական պայմանագրի» սահմանը չէ կամ Նիկոլ Փաշինյանի սահմանը չէ, սա բոլորիս սահմանն է»։

«Եթե խաղաղ ճանապարհով խնդիրը չլուծվի, ապա կառավարությունը ռազմական դրություն հայտարարելու իրավունք ունի, և այդ դեպքում կչեղարկվեն ընտրությունները: Սակայն կարծում եմ, որ այս պահին հնարավոր է խաղաղ հանգուցալուծում՝ չեմ կարծում ռազմական դրության կարիք կա», - ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ Սյունիքի սահմանին ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը կլիներ գերեվարել ՀՀ սահմանը հատած 250 ադրբեջանցիներին և նրանց փոխանակել մեր գերիների հետ: