Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա Սերժ Սարգսյանը Մարտի 1-ից, Հոկտեմբերի 27-ից հետո ո՞նց չսատկեց․ Ընտրությունները կեղծեցին, մարդկանց գնդակահարեցին, և այդ մարդակերը հիմա ամոթից ու սատկելո՞ւց է խոսում․ Մարտի 1-ի զոհի հայր

«Մարտի 1-ի զոհերի քառասունքի օրը երդմնակալության միջոցառում կազմակերպած աննամուս կենդանին հիմա եկել ամոթից ու սատկելուց է խոսո՞ւմ։ Ես ուղակի զարմանում եմ։ Ընտրությունները կեղծեցին, մարդկանց սպանեցին, գնդակահարեցին, ձերբակալեցին և այդ մարդակերը հիմա մարդկությունից, ամոթից ու սատկելուց է խոսում։ Բա ինքը ո՞նց չսատկեց այդքանից հետո, հիմա ոնց չի սատկում, գետինը մտնի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը արձագանքելով Սերժ Սարգսյանի նախօրեին կատարած հայտարարությանը։ 

Հիշեցնենք՝ օրերս Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով արտահերթ ընտրություններին նկատել էր, որ թուրքը մտել է Հայաստան, բայց իշխանություններն ամոթը կորցրած քարոզարշավ են անում և ինքը ամաչում է նրանց փոխարեն. «Ախր, մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք, էս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է մենք էլ անենք, կանենք, բայց հավատացեք, որ ինձ համար ամոթ է, ես իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ էդ սատանաները այստեղ – այնտեղ ընկած քարոզչություն են անում։ Մենք էլ կանենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ, իմ երեսը չի բռնի, գնամ սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը նույնպես չի բռնի գնա սուտ բան ասի, իսկ ինքը չի սատկում, ասում է՝ հպարտ ենք, որ պարտվել ենք, և կարող ենք բաց աչքերով ձեզ նայել, մարդկանց ինչի՞ տեղ է դրել»,– ասել է երրորդ նախագահը։

Ի դեպ՝ Սարգսյանը երևի չի նկատել, որ «Պատիվ ունեմ»-ի նախընտրական գովազդը ողողել է ողջ համացանցն ու ԶԼՄ-ները, իսկ Մասիսում իր հանդիպումն էլ հենց նախընտրական էր։ 

Սարգիս Քլոյանի խոսքով, եթե Մարտի 1-ի գործի շրջանակներում Սերժ Սարգսյանը պատասխանատվության ենթարկվեր, հիմա մեծ-մեծ չէր խոսի, բայց ակնկալում է, որ արտահերթ ընտրություններում իշխանական ուժը մեծամասնություն ստանալուց հետո ձեռնամուխ կլինի դատական բարեփոխումներին և այսօր մեծ-մեծ խոսողները կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է լինեին արդեն երեք տարի առաջ. «Սերժ Սարգսյանի հայտնի խիյարը հիշում ե՞ք։ Իրա խիյարը թարս էր բուսնել։ Հիմա թող սպասի մինչև հունիսի 20 ու էդ խիյարը կգնա համապատասխան տեղը։ Ես ձեզ խոստանում եմ՝ Քոչարյանն էլ, Սարգսյանն էլ գնալու են ճաղերի հետև։ Քոչարյանի դատավարությունը կաշառքի գործով դեռ գնում է, այլ գործեր, սպանություններ կան, որոնք բոլորը բացահայտվելու են։ Բա էդ սալյարկա գողացող Սերժ Սարգսյա՞նը։ Ով է տեսել երկրի նախագահը սալյարկա գողացող լինի։ Սալյարկա գողացո՞ղն է հիմա սատկելուց, ամոթից ու նամուսից խոսում»,- եզրափակեց Քլոյանը։

Փաստաբան Սեդա Սաֆարյանը զարմանում է, որ հիմա ամոթից ու պատվից են խոսում այն իշխանությունները որոնք այսօր Հայաստանը հասցրել են այս օրին. «Ամոթից այսօր սովորաբար խոսում են անամոթները։ Նախկին իշխանությունները, որոնք Հայաստանը հասցրել են այս օրին, հիմա իրավունք չունեն նոր իշխանության մասին անգամ կարծիք հայտնել։ Սերժ Սարգսյանը ճիշտ քննադատության չի ենթարկում գործող իշխանությանը։ Նա իր ընտրողներին ճիշտ ենթատեքստեր չի տալիս։ Մարտի 1-ի, և հոկտոմբերի 27-ին որևէ անձ, որը պատասխանատու է եղել այս երկրի համար, ոչ հրաժարական է տվել, ոչ լուրջ խոսք է ասել։ Իսկ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին ԱԱԾ տնօրեն էր»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով. «Մեկ-մեկ մտածում եմ, որ ինչ էլ իրենց ասես՝ անիմաստ է, իրենք չեն հասկանա։ Եթե իրենք մի քիչ հասկացող լինեին, կհասկանային, որ ամոթից, պատվից խոսելու իրավասություն ունեցող մարդիկ հաստատ իրենք չեն։ Իրենք պետք է հեռու մնան ասելու այնպիսի բաներ, որոնք իրենց իշխանության տարիներին ծաղկել են։ Իրենք չեն կարող խոսել կոռուպցիայից, թալանից, ձախողումներից, պետության անունից, քանի որ պետությունը վերածել են խունտայի։ Իրենք չպետք է խոսեն սպանություն կոծկելուց, չխոսեն անզգույշ ու դիտավորյալ սպանությունների տարանջատումից, ընտրությունները կեղծելուց և ժողովրդին այս ճահիճի մեջ քաշելուց։ Իրենք ուղղակի չպետք է խոսեն։ Քավոր-սանիկ, խնամի բարեկամներով պետություն ղեկավարած մարդկանց ժամանակ է ասել, որ իրենք են պետությունը հետ քաշել իր զարգացումից ու իրենք խոսելու տեղ չունեն»,- ընդգծեց Սաֆարյանը։

Արփի Հարությունյան