Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը առաջիկա օրերին կժամանի Հայաստան

«Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում ԼՂ հարցով խմբի հիմնադիր և նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը առաջիկա օրերին կժամանի Հայաստան
Հայաստան
17:01, 19 апрель 2023
2023 թվականի ապրիլի 22-25-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանելու  Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի  գլխավորած պատվիրակությունը։  Civic.am-ը ԱԺ կայքից տեղեկացավ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  կարգադրությամբ  պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

Նշենք, որ մարտի 16-ին Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցավ «Ի աջակցություն Հայաստանի և Արցախի» խորագիրը կրող բացառիկ համաժողով՝ ֆրանսիացի ականավոր մտավորականների և խորհրդարանականների մասնակցությամբ։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների՝ Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեի և Յաել Բրաուն-Պիվեի բարձր հովանու ներքո կազմակերպված համաժողովին բացման խոսքով հանդես եկավ նաև  Բրունո Ռըտայոն։ 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ռըտայոն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի գործողությունները չպետք է անպատիժ մնան, հարկավոր է դիվանագիտական ջանքեր գործադրել: Նրա խոսքով՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում պետք է տեղակայվեն միջազգային ուժեր, անհրաժեշտ է տրամադրել պաշտպանական զենքեր, որպեսզի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կարողանան պաշտպանվել:

«Այսօր Հայաստանը մեր օգնության կարիքն ունի, պետք է հավատարիմ մնանք մեր երկրների միջև բազմադարյա բարեկամությանը: Հայ ժողովուրդը փոքր, բայց քաջ ժողովուրդ է»,- նշել էր սենատորը Ֆրանսիայի Սենատում տեղի ունեցած՝ Հայաստանի օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերման, հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կիրարկման ապահովման և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձևի քննարկման ընթացքում: