Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կստեղծվի պետական հիմնադրամ՝ ակադեմիական քաղաքի կառուցման ու կառավարման համար

Կառավարությունն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշում: Ակադեմիական քաղաքի հիմնումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով, ըստ որի՝ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները միտված են լինելու անհրաժեշտ ենթակառուցվածքների վերանայման միջոցով ֆիզիկական, վիրտուալ և սոցիալական գրավիչ միջավայր ապահովելուն. այս իմաստով ակադեմիական քաղաք հիմնելու մտահղացումն ունի ռազմավարական նշանակություն։ Որոշման ընդունումը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու  հրամայականով, ինչի համար առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել պետության կողմից հիմնադրամի ստեղծումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ստեղծել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ, որը պետք է իրականացնի՝ ակադեմիական քաղաքի նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր, համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը, հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը՝ հաշվի առնելով ոլորտների արդի և զարգացող մեթոդաբանությունը, անվտանգության և համընդհանուր մատչելիության չափանիշները, մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը, ակադեմիական քաղաքի հայեցակարգից բխող այլ գործողությունների իրականացումը։
 
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյաը նշել է, որ ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրով է նախատեսված  ակադեմիական քաղաքի ձևավորումը։ Ըստ նախարարի՝ դրա միջոցով հասցեագրվելու է մի շարք թիրախների ապահովումը, որոնցից են՝ 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակում ունենալը, օտարերկրյա ուսանողների թիվը կրկնապատկելը և կրթության մակարդակի միջազգային հեղինակությունը բարձրացնելը։ «Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի 3 կլաստերից:  Այստեղ քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի կառուցման հարցը։ Այս հարցերը պետք է իրականացնող կառույց լինի, որը նախապատրաստումից մինչև իրավական բուն գործընթացն ու քաղաքի կառավարումը կիրականացնի»,- ասել է նախարարը։
 
Թեմայի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշմամբ նոր էջ է բացվում երկրի պատմության համար: «Սա ամենակարևոր և ռազմավարական ներդրումն ու ծրագիրն է, որը, իհարկե, մենք դեռ պետք է իրականացնենք: Պետք է ասեմ, որ իրականում շատ խոր քննարկումներ են տեղի ունեցել: Մեզ վախեցրել են, որ եթե պարզվի՝ սխալ քայլ ենք անում, ունեցածը կկորցնենք։ Փորձել ենք համոզվել, որ ճիշտ բան ենք անում։ Տեղաբաշխումը նույնպես շատ կարևոր է։ Մի քանի քննարկումներից հետո, ընդ որում՝ ՀՀ-ի կրթության ոլորտի 2030 թվականի ռազմավարության մշակման ընթացքում կողմնորոշվեցինք, ու քաղաքը կտեղակայվի Երևանի, Կոտայքի և Արագածոտնի մարզի հատման կետում»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև,  երկար փնտրտուքների արդյունքում ակադեմիական քաղաքի տեղակայման ամենադիպուկ վայրն է ընտրվել՝ կոմունիկացիոն և բոլոր առումներով:
 
Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաջողվել է քաղաքի կառուցման համար ՀՀ-ում գտնել 300-ից ավելի հեկտար տարածք, որը պետական հող է։ «Հիմնադրամի առաջին գործառույթը կրթական քաղաքին անհրաժեշտ կոմունիկացիաները մոտեցնելու մասն է: Հաջորդը՝ կստեղծենք գլխավոր հատակագիծը և հընթացս կոնկրետ բուհերը։ Բաց առաջարկով կդիմենք բուհական շրջանակներին՝ արձանագրելով, որ ՀՀ-ում կլինի 8 բուհ, որոնք կֆինանսավորի պետությունը: Մեր նպատակադրումն այն է, որ այդ բուհերը որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար: Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնեք բուհերի հետ: Երեք կլաստերի հետ կապված կողմնորոշված ենք. առաջինը՝ «Հայֆիլիմի» տարածքում կունենանք արվեստների համալսարան և արվեստների ավագ դպրոց: Սա նշանակում է, որ  կունենանք բուհ և ավագ դպրոց, որտեղ արվեստի բոլոր ուղղությունները մի տեղում կլինեն: Նաև կունենանք ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոց:
 
Հաջորդ կլաստերը՝ սպայական ավագ դպրոցն է և սպայական համալսարանը: Մենք պետք է գնանք այդ լուծման՝ կրթության ինչ-որ մի հատված սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները պետք է մի տեղում նախանական կրթություն ստանան: Սա ոչ միայն կրթական, այլև պետական հարց է, որովհետև առիթ ունեցել եմ ասելու, որ սպայական դասը ցանկացած պետության ողնաշարն է: Մենք Հայաստանի Հանրապետությունում նպատակադրված և գաղափարաբանորեն սպայական դաս ձևավորելու հարցում լիարժեք մոտեցումներ և գործիքներ չենք ունեցել:
 
Ակադեմիական քաղաքը պետք է լինի մի տարածք, որը նաև իր կոլորիտով և գրավչությամբ պետք է լինի առանձնահատուկ: «Հաֆիլիմի» տարածքում  նախատեսում ենք ունենալ ունիվերսալ համերգասրահ, որը միևնույն ժամանակ կլինի և՛ թատրոնի, և՛ օպերայի բեմ, և՛ կինոթատրոն, որպեսզի ուսանողներն  իրենց պրակտիկ աշխատանքն իրականացնելու հնարավորություն ունենան»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: