Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հռոմի ստատուտի» վավերացման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանությամբ՝ որպես մարդկության դեմ արված հանցագործություն․ Եղիշե Կիրակոսյան

«Հռոմի ստատուտի» վավերացման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաև ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանությամբ՝ որպես մարդկության դեմ արված հանցագործություն․ Եղիշե Կիրակոսյան
Միջազգային
11:23, 28 сентябрь 2023
Այսօր ԱԺ Պետական իրավական հարցերով մշտական հանձնաժողում  քննարկվում է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին հարցը։

Նախագծի հիմնական զեկուցող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ «Հռոմի ստատուտի» վերաբերյալ քննարկումները բավականին ակտիվ են ընթացել հանրային շրջանակներում, և կարծում է՝ մեծ հետաքրքրություն է ներկայացնում դատարանի կանոնադրության վավարեցաման և առհասարակ դատարանի իրավազորության ճանաչման մաիսն այս նախագիծը։

«Կհիշեք, որ կառավարությունն այս նախագծին հավանություն տվեց դեռ 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, և իրականում այս հավանություն տալու տրամաբանությունը հիմնականում պայմանավորված էր 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ տեղի ունեցած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն պատերազմական հանցագործություններով՝ նկատի ունեմ ՀՀ տարածքում։ Կհիշեք Սև լճի շրջանում տեղի ունեցած զազրելի գնդակահարությունը և այլ կոպտագույն պատերազմական հանցագործություններ, որոնք փաստացի դատարանի իրավազորությանը ենթակա պատերազմական հանցագործություններ են»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ նաև այս պատճառներով էլ վերսկսվեց վավերացման գործընթացը, որը 2004 թվականին կասեցվել էր, քանի որ 2004 թվականին ընդունվել էր ՍԴ-ի որոշում, որով կանոնադրությունը երկու կետով ճանաչվել էր Սահմանադրությանը հակասող։ 

Վերջինս հավելեց, որ կետերից մեկը վերաբերում էր դատարանի սկզբունքի կոմպլեմենտարությանը, մյուսը վերաբերում էր ներում, համաներում շնորհելու հնարավորությանը՝ Սահմանադրությամբ նախատեսված և այդ տրամաբանության համապատասխանությանը կանոնադրության դրույթներին։ Եվ վավերացման գործընթացը, և իրավազորության ճանաչման մասին նախագիծը հաստատվելուց հետո, բնականաբար, վերստին ուղարկվեց ՍԴ և ուղարկման համար հիմք հանդիսանում էր այն հանգամանքը, որ 2004 թվականից ի վեր առնվազն երկու անգամ Սահմանադրությունը ենթարկվել է բավականին համակարգային և լայնածավալ փոփոխությունների, նաև այն դրույթները, որոնք ՍԴ-ն քննարկել էր 2004 թվականի իր որոշման մեջ, ենթարկվել էին որոշակի փոփոխությունների, և դրա համար կրկին կառավարությունը համարեց անհրաժեշտ վերստին ներկայացնել հարցը ՍԴ և ստանալ գնահատական։    

«Այս նախագծի անհրաժեշտությունը կրկին ու կրկին հիմնավորվում է այն իրադարձություններով, որը տեղի է ունենում նաև այսօր, և ԼՂ-ից բռնի տեղահանվող մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ գալիս են դեպի Հայաստան, սա ևս կարծում ենք, որ կանոնադրության իրավազորության շրջանակներում ենթակա հանցագործությունների շարքին է դասվում, որպես մարդկության դեմ արված հանցագործություն»,-ասաց Եղիշե Կիրակոսյանը։