Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հետ հարաբերությունները մշտապես կարևոր են Հայաստանի համար՝ նաև որպես տրանզիտային երկիր

«Եգիպտոսը դրական տրամադրվածություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու։ Նկատում ենք ՀՀ-ի կողմից ակտիվացում արաբական երկրների ուղղությամբ, ինչը նույնպես տեղավորվում է Կառավարության հռչակած դիվերսիֆիկացիայի քաղաքականության շրջանակներում, ու Եգիպտոսը այդ համատեքստում շատ կարևոր է որպես քաղաքական գործընկեր ու տնտեսական պոտենցիալ գործընկեր, որտեղ հնարավոր է արտահանում իրականացնել»: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: 

Ըստ փորձագետի՝ Եգիպտոսը կարելի է ընկալել որպես այլընտրանքային շուկա հայաստանյան արտադրանքի համար. «Բայց նախ և առաջ պետք է անհրաժեշտ ենթակառուցվածքները ապահովել՝ կապուղիները ապահովել, ինչպես նաև Եգիպտոսի հետ կապված  կարիքների գնահատում իրականացնել։ Եգիպտոսը ավելի քան 100-միլիոնանոց շուկա է, և դա պետք է դիտարկել դիվերսիֆիկացիայի տեսանկյունից»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ մշտապես հանդես է եկել և շարունակում է արտահայտվել «Երկու պետություն» բանաձևի օգտին, Պետրոսյանը ասաց. «Իսրայելից բացի,  բոլոր պետություններն էլ  պնդում են հենց այդ ուղղությունը որպես խաղաղ կարգավորում, այսինքն՝ պաղեստինյան հակամարտությունը ունի մեկ լուծում, որը  «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևով լուծումն է: Դրա օգտին են հանդես գալիս բոլոր դերակատարները ու այդ թվում նաև՝ Հայաստանը»։

Խոսելով Փաշինյանի ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման մասին՝  Պետրոսյանն ասաց. «Այս պահին քաղաքական նշանակություն ուներ այդ հանդիպումը, բայց կարող է հիմք հանդիսանալ այլ ուղղություններով ևս զարգացնելու հարաբերությունները։ Կարևոր նրբություն էլ կա.  Աբուլ Ղեյտին այն եզակի արաբ բարձրաստիճան պաշտոնյաներից էր, որը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում քննադատել էր Թուրքիայի կողմից վարձկանների ուղարկումը պատերազմի թատերաբեմ»։
Անդրադառնալով  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցին Իրան՝ Պետրոսյանն ասաց. «Իրանի հետ հարաբերությունները մշտապես կարևոր են ՀՀ-ի համար։ Այստեղ ոչ միայն իրազեկման խնդիր կարող է լինել, այլև անվտանգային, ռազմական ուղղությունների ու նաև այնտեղ երբեմն տեղ գտնող տեխնիկական խնդիրներ՝ որպես տրանզիտային երկիր, որովհետև մամուլում երբեմն հանդիպում ենք հրապարակումների, որ Իրանի տարածքով հնդկական ու ռուսական զենքի տեղափոխման համար խնդիրներ են առաջանում»։

Դավիթ Լևոնյան


Մանրամասները՝ տեսանյութում։