Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ձեռքը պահել զարկերակի վրա. Հայաստանը Եգիպտոսին հետաքրքիր է որպես արաբական աշխարհը Արևմուտքի հետ կապող ուղի

Պետք է ձեռքը պահել զարկերակի վրա. Հայաստանը Եգիպտոսին հետաքրքիր է որպես արաբական աշխարհը Արևմուտքի հետ կապող ուղի
Հարցազրույց
22:00, 05 март 2024
Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ։

- Պարոն Գրիգորյան, այս այցի քաղաքական ու տնտեսական շերտերը որո՞նք են, ու ինչո՞ւ հիմա։ 
- Ես կարծում եմ՝ նաև կարելի է նշել միջմշակութային շերտերը ու հասարակական։ Հիմա Մերձավոր Արևելքը նման է եռացող կաթսայի, և ամեն օր նոր իրողություններ են փոխվում: Մերձավոր Արևելքի մասով ուղղակի պետք է ձեռքը պահել զարկերակի վրա, ու այս այցելությունները ավելի հաճախակի պիտի լինեն։ Մերձավոր Արևելքը մեզ մոտ տարածաշրջան է, որտեղ մենք ունենք կոնկրետ նպատակներ, ու հետևաբար հիմա և ընդհանրապես այս հատվածի ուղղությամբ պետք է ակտիվացնել ջանքերը։

- Էրդողանն էլ էր մի քանի շաբաթ առաջ Եգիպտոս ու Հունաստան այցելել, Նիկոլ Փաշինյանը ևս Հունաստան էր գնացել, հիմա էլ՝ Եգիպտոս։ Կա՞ արդյոք ընդհանուր բան։

- Եգիպտոսի ու Թուրքիայի միջև լարված հարաբերություններ են։ Հիմա չգիտեմ, թե որքանով են անկեղծ, երբ հայտարարում են, որ բարիդրացիական փուլ են թևակոխում եգիպտա-թուրքական հարաբերությունները։ Երկու երկրներն էլ, որպես մուսուլմանական ազդեցիկ երկրներ, փորձեր են անում խնդիրները կարգավորելու, բայց լուծումները անորոշ են։
Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր կողմից ցանկացած քայլ՝ ուղղված տարածաշրջանի երկրների հետ բազմակողմանի զարգացմանը, կարևոր է, բայց պետք չէ խարսխել հարաբերությունները եգիպտա-թուրքական լարվածության ֆոնի վրա։ Հիմա վարչապետի հանդիպումների շրջանակն էլ է շատ լայն, եթե չեմ սխալվում՝ նաև Արաբական պետությունների լիգայի առաջնորդի հետ, հոգևոր առաջնորդի հետ կլինի հանդիպում, ու սրանք այն կարևոր ուղղություններն են, որտեղ Եգիպտոսը կապող կամուրջ կարող է լինել։ 

- Այսինքն՝ Եգիպտոսը կապող կամո՞ւրջ կարող է լինել Հայաստանի ու Արաբական աշխարհի պետությունների միջև։

- Նաև դա, չնայած մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ։ Եգիպտոսը նրանով է առանձնանում, որ ամենամեծ արաբական երկիրն է, հետո այդտեղ է գտնվում Արաբական պետությունների լիգայի կենտրոնը, և մենք Եգիպտոսում նաև համայնք ունենք։ Իմ կարծիքով՝ Հայաստանը ևս հետաքրքիր է Եգիպտոսի համար և վստահելի գործընկեր, ու Հայաստանը նաև Եգիպտոսի համար հետաքրքիր է որպես ուղի, որպես այլ ճանապարհ, որը արաբական աշխարհը կկապի Արևմուտքի հետ, և ՀՀ-ն այդ կոնցեպտում արաբ գործընկերներին հետաքրքիր կլինի։ 
Մենք չկարգավորված հարաբերություններ ունենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ու այդ առումով Եգիպտոսը կարող է հարթակ լինել՝ գաղափարներ հնչեցնելու ու   ընդհանուր մոտեցումները հասկանալու համար։

- Իսկ Եգիպտոսը կարո՞ղ է դեր ունենալ Հայաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի ու Հնդկաստանի միջև ձևավորվող այդ առանցքում։

- Իհարկե կարող է, ու այդ առումով Հունաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Հայաստանի այդ ձևաչափի մեջ Եգիպտոսը կարևոր դեր ունի, ու դա պետք է օգտագործել։ Եգիպտոսը կարող է ՀՀ-ի համար լինել նաև արտահանման նոր շուկա։
Դավիթ Լևոնյան