Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից կուլուարներում զգուշացումներ են հնչել Ալիևին. քաղաքագետ

Վստահ եմ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից կուլուարներում զգուշացումներ են հնչել Ալիևին. քաղաքագետ
Միջազգային
13:00, 20 март 2024
Երեկ ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: 

Յենս Ստոլտենբերգը իր խոսքում նշել է. «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը, ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը, կարծում ենք, կարևոր է»։

Յենս Ստոլտենբերգը կարևորել է նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է մեր երկրի խաղաղ ձգտումներին:

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ սա չափազանց կարևոր նշանակության այց է, և մենք պետք է ֆիքսենք մի հանգամանք, որ 2023 թվականի մայիսին ՆԱՏՕ-ի կողմից հռչակվել է ՆԱՏՕ-ի հստակ ռազմավարությունը, որ վերարժևորվում է ՆԱՏՕ-ի առաքելությունն ամբողջ աշխարհում, ՆԱՏՕ-ն կոչված է լինելու իբրև հավաքական անվտանգային համակարգի կարևորագույն դաշինք՝ ապահովելու և պաշտպանելու բոլոր տեսակի ժողովրդավարություններն ամբողջ աշխարհում։

«Հիմա ՆԱՏՕ-ն, ըստ էության, Հայաստանը ոչ միայն որպես գործընկեր, այլև հավանական և պոտենցիալ դաշնակից է դիտարկում։ Եվ ինչու հենց այս իրողություններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելեց ՀՀ և առհասարակ տարածաշրջան, որովհետև այսօրեական իրողություններում մենք կարող ենք արձանագրել, որ ՌԴ-ն սադրում է իրավիճակը, Ադրբեջանին հրահրելով՝ մղում է անընդհատ ռազմական գործողությունների և ապակառուցողական գործողությունների, և եթե մենք նաև համադրենք այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասաց Բաքվում, այն է՝ Ադրբեջանի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի ստանդարտների պետք է բերվեն, սա, ըստ էության, խոստում ենթադրող հարց է։ Տողատակում հասկանում ենք, որ Ադրբեջանին ասացին, որ մենք ձեզ դիտարկում ենք միևնույն անվտանգային համակարգի մեջ, մի կցվեք Ռուսաստանին, մի տարեք ռուսական խաղը տարածաշրջանում, և ես վստահ եմ, որ կուլուարներում, առանձին զրույցներում նաև զգուշացումներ և նախազգուշացումներ են հնչել Իլհամ Ալիևին՝ հենց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից»,- ասաց քաղաքագետը։ 

Վերջինս նշեց, որ Հայաստանում այս մեսիջներով, որոնք մենք տեսնում ենք վարչապետի հետ համատեղ հանդիպման ժամանակ, ՆԱՏՕ-ն Հայաստանին դիտարկում է որպես պոտենցիալ դաշնակից և սատար է կանգնում այն մղումներին, որը հայ ժողովուրդն ունի՝ իր պատմական բնօրրանում խաղաղ և անվտանգ գոյություն ունենալ։ Դրա ձևերն ու մեթոդները բազմաթիվ կարող են լինել։ Որևէ մեկը մեզ որևէ ֆիզիկաաշխարհագրական տարածքներ չի պարտադրում։   

Քաղաքագետի խոսքով՝ դա մեր ինքնուրույն կամարտահայտությամբ ընտրված ձևերն ու մեթոդներն են, և կախված նպատակահարմարությունից՝ ՀՀ-ն կարող է վերարժևորել իր մոտեցումները՝ հիմքում և առանցքում ունենալով այն սկզբունքները, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է անընդհատ. դա խաղաղությունն է, և որը հռչակել է Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի կարևորագույն սուբյեկտը,  Հյուսիսատլանտյան անվտանգության դաշինքը, այսինքն՝ ՆԱՏՕ-ն, և մենք պետք է մասը կազմենք այդ ժողովրդավարական ճամբարի։

«Ես կարծում եմ՝ նրա այցը պայմանավորված է այն հանգամանքով, որ զսպի Ադրբեջանին՝ ռազմական էսկալացիայի չգնալ գարնանը, գուցեև՝ ամռանը, իսկ աշնանը ես քիչ հավանական եմ համարում, որ Ադրբեջանը կսադրի իրավիճակը, այնտեղ խոշոր միջազգային միջոցառում կա, ձմռանը նպատակահարմար չէ ռազմարվեստի տեսակետից, հետևաբար ես կարծում եմ, որ կրկին լարված, թեժ իրավիճակ կարող է լինել 2025 թվականի գարնանը, եթե մենք այս ռիսկային իրավիճակը կարողանանք մանևրել։ Այս ընթացքում որևէ կտրուկ շարժումներ չի կարելի անել»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով նաև այն մասին, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հրվ. Կովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտումները չեն ավելացնի կայունությունը տարածաշրջանում, քաղաքագետն ասաց, որ նրանք նախ պետք է հասկանան, որ Հարավային Կովկաս գոյութուն չունի, Հարավային Կովկասը նրանց վարչատարածքային մասն էր, որն այլևս իրենց վարչատարածքային մասը չէ։
«Տարածաշրջանը Մերձավոր Արևելքն է, որովհետև Հարավային Կովկաս եզրույթը Ռուսաստանի իմպերիայի վարչատարածքային միավորի անվանումն է՝ 1853 թվականի Լիտվինովի վարչատարածքային բարեփոխումներից հետո։ Այսօր արդեն մենք չենք կարող մեր տարածաշրջանն անվանել Հարավային Կովկաս, որովհետև Կովկասը սահմանափակվում է հարավում Կովկասյան լեռնաշղթայով, հյուսիսում՝ Կումա-Մանիչի իջվածքով, արևելքում՝ Կասպից ծովով, արևմուտքում՝ Սև և Ազովի ծովերով։ Հետևաբար այն հայտարարությունները, որոնք նրանք  հնչեցնում են, հետադիմական են և մեծապետական։ Նման հայտարարություններն իրենց տողատակերում պարունակում են սպառնալիք, իսկ ՀՀ-ն, իր տեսակարար կշիռն ավելացնելով, անվտանգային քաղաքականությունը շեշտադրելով, պետք է փորձի նվազագույնի հասցնել այդ ռիսկերը»,- եզրափակեց Գուրգեն Սիմոնյանը։

Լիլիթ Թադևոսյան