Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայության երկարաձգումը մեկ տարով

Թուրքիայի խորհրդարանը հաստատեց Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայության երկարաձգումը մեկ տարով
Միջազգային
11:03, 11 ноябрь 2021
Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հաստատեց Ադրբեջանում թուրք զինվորականների ծառայությունը մեկ տարով երկարաձգելու մասին նախագահի ստորագրությամբ օրինագիծը։ Ռեջեփ Էրդողանի ներկայացրած առաջարկը, Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, ընդունվել է ձայների մեծամասնությամբ։ Դեմ է քվեարկել միայն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Ընդդիմադիր այս ուժի պատգամավորներից է Թուրքիայի խորհրդարանի միակ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

Աղդամի շրջանում տեղակայված՝ շուրջ վեց տասնյակ զինվորականներից կազմված թուրքական զորախումբը դիտորդական առաքելություն է իրականացնում ռուս զինվորականների հետ համատեղ, ինչպես հայտարարում են կողմերը՝ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով։

Դիտորդական առաքելության իրականացման շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունները համաձայնության են եկել 44-օրյա պատերազմից հետո։ Թուրքիան, որը պատերազմում ռազմական ու քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, հրադադարի շուրջ պայմանավորվածություններից հետո հայտարարեց, թե Ռուսաստանի հետ իր տեղը կունենա Ղարաբաղում խաղաղապահների շարքում։

Շփման գծից 8 կիլոմետր, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված համատեղ այդ կենտրոնում առաջին անգամ միասին սկսեցին աշխատել թուրք և ռուս զինվորականները՝ յուրաքանչյուր երկրից 60 հոգի՝ ներառյալ անօդաչու թռչող սարքերը սպասարկող անձնակազմը։ Ըստ Անկարայի և Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ կենտրոնը հավաքագրում է հրադադարի պահպանման մասին տեղեկատվությունը և ուսումնասիրում համապատասխան բողոքները։ Հրադադարի դիտարկումը, ինչպես հայտարարել են կողմերը, իրականացվում է հիմնականում տեխնիկական միջոցների, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգնությամբ: Բուն կենտրոնի անվտանգությունն ապահովում են ադրբեջանցի զինվորականները։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

«Ընդդիմախոսները մեզ հարցնում են՝ ի՞նչ եք անում Ադրբեջանում, ի՞նչ եք անում Սիրիայում և Լիբիայում։ Նրանք կարծում են, թե մենք շեղվել ենք Աթաթուրքի ճանապարհից», - երեկ հայտարարում էր Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, ազգայնական քաղաքականությամբ հայտնի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին նվիրված միջոցառմանը։

«Թուրքիան այսօր Սիրիայում է, Թուրքիան այսօր Լիբիայում է, Թուրքիան այսօր Կովկասում է։ Թուրքիան այսօր Եվրոպայում և աշխարհում դիվանագիտական պայքար է մղում։ Եթե ինչ-որ մեկն իրականացնում է մեր առաջնորդի կտակը, ապա դա մենք ենք», - հայտարարել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր է դառնալ աշխարհի առաջատար տերություններից մեկը և դրա համար գործադրում է առավելագույն ջանքերը։