Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը «3+3»-ով ուզում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին դուրս թողնել ձևաչափից, նրանց փոխարինել Թուրքիայով ու Իրանով, սակայն միանձնյա կարգավորել ԼՂ խնդիրը. թուրքագետ

Ռուսաստանը «3+3»-ով ուզում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին դուրս թողնել ձևաչափից, նրանց փոխարինել Թուրքիայով ու Իրանով, սակայն միանձնյա կարգավորել ԼՂ խնդիրը. թուրքագետ
Միջազգային
18:44, 29 ноябрь 2021
«Պուտինն ուզում է Սյունիքի միջանցքը բացել, որպեսզի կանխի ԱՄՆ-ի և Ֆրանսիայի՝ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների վերադարձը Հարավային Կովկաս»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ մեկնաբանելով նոյեմբերի 26-ին Վլադիմիր Պուտինի բանավոր ելույթը, որում նա խոսել է տարածաշրջանային արգելափակումից և միջանցքներից, մինչդեռ այդ օրը ստորագրված եռակողմ որոշման մեջ միջանցք բառ չի օգտագործվել։

«Պուտինն ուզում է ինքնուրույն կարգավորել ԼՂ հարցը, դրա համար էլ ինչ-որ «3+3» է հորինում, մեկ էլ «2+2»-ի մասին է խոսում։ «3+3»-ով ուզում է Ֆրանսիային ու ԱՄՆ-ին դուրս թողնել, նրանց փոխարինել Թուրքիայով ու Իրանով, որպեսզի հետո չմեղադրեն, թե Ռուսաստանն ինքն է միանձնյա կարգավորում։ Իրականում, եթե «3+3» ձևաչափը գործի, Կրեմլն է միանձնյա կարգավորելու։ Եվ այդ չարաբաստիկ եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո ասել էր, որ Ռուսաստանի շնորհիվ տասնամյակների վաղեմություն ունեցող Ղարաբաղյան հիմնահարցը կարգավորվել է։ Բայց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին վերջերս Սյունիքում նշել էր, որ պատերազմը Ղարաբաղում ավարտվել է, բայց ճգնաժամը չի ավարտվել, որովհետև կարգավորված չէ ԼՂ կարգավիճակի հարցը»,- ասաց Հակոբ Չաքրյանը։

Թուրքագետը նաև հիշեցրեց, որ դրանից ավելի ուշ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արտասահմանյան այցերից մեկի ժամանակ ասել էր, որ թեև ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան դեմ չեն, բայց նրանք պետք է զբաղվեն հումանիտար խնդիրներով։ 

«ԵԱՀԿ ՄԽ-ն Լավրովի հայրը կամ զոքանչը չի ստեղծել, ՄԽ-ն ստեղծվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումով։ ԱԽ-ն Ղարաբաղյան հարցի կարգավորումը հանձնարարել է եռանախագահներին, ոչ թե Ռուսաստանին կամ  Կրեմլին։ Հետևաբար ինձ թվում է՝ մի տեսակ վախեցած է։ Եթե Ուկրաինայի հարցը կարգավորման փուլի մեջ մտնի, ու Ուկրաինան ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում, դրան կհետևի Վրաստանի ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում, որից հետո Արևմուտքը ողջ ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի վրա, որ Ռուսաստանին վտարի այդտեղից»,- ասաց Հակոբ Չաքրյանը։ 

Խոսելով նաև այն մասին, որ երեկ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները Աշգաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հակոբ Չաքրյանն ասաց, որ նախ՝ ՄԽ համանախագահող երկու երկրներն են ասել, որ միջանցք չի լինելու. եթե նրանք ասել են, ուրեմն չի լինի։ 

Իսկ Էրդողանն ու Ալիևը կարող են անընդհատ խոսել այդ մասին՝  ստուգելու համար մեր հակազդեցության ուժգնությունը կամ իմանալու, թե ինչ կարգի հակազդեցություն կլինի ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից։ 

«Իրենք ոգևորվել են, բայց իրենց ոչ ոք լուրջ չի ընդունում. որքան էլ Թուրքիան մեծ լինի մեր համեմատ, ո՛չ տարածաշրջանում, ո՛չ Հարավային Կովկասում որոշումներ  կայացնող մեխանիզմում ընդգրկված չէ, մեծ դերակատար չէ, կողմնակի դերակատար է։ Մեծ է դառնում այն ժամանակ, երբ գնում Պուտինին է քսմսվում։ Եթե Պուտինը չլիներ, Թուրքիան չէր մասնակցի Ղարաբաղյան պատերազմին։ Եվ այդ մասին, ի դեպ, Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինն է ասել՝ թուրքական թերթերից մեկում ռուս-թուրքական համագործակցության մասին խոսելիս։ Նա ասել էր, որ այդ համագործակցությունը հոյակապ արդյունքներ է տվել, մեծ արդյունավետությամբ է գործում, և որպես արդյունավետության օրինակ մատնացույց էր  արել Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը։ Նույն Դուգինը ռուսական հեռուստատեսությամբ ելույթ էր ունեցել և ասել էր, որ Ալիևը թող շատ չերևակայի, Թուրքիան չի օգնել, որ Ադրբեջանը հաղթանակ տանի, այլ Ռուսաստանն է նպաստել նրա հաղթանակին։ Այսինքն՝ սա հայ ժողովրդի հանդեպ դավադրության, դավաճանության ցուցանիշն է, որի մասին խոստովանում է Պուտինի խորհրդականներից մեկը»,- եզրափակեց  թուրքագետը։         

Լիլիթ Թադևոսյան