Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նման բանաձևերը քաղաքական զսպվածություն են պարտադրում Ադրբեջանին. Տարոն Սիմոնյանը՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման դեմ ԵՄ խորհրդարանի բանաձևի մասին

Նման բանաձևերը քաղաքական զսպվածություն են պարտադրում Ադրբեջանին.  Տարոն Սիմոնյանը՝ ԼՂ-ում մշակութային ժառանգության ոչնչացման դեմ ԵՄ խորհրդարանի բանաձևի մասին
Միջազգային
13:23, 11 март 2022
Եվրախորհրդարանը երեկ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը: Բանաձևն ընդունվել է 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ։

Նա նշեց, որ նման բանաձևերը փափուկ իրավունքի դրսևորում են, որովհետև այդ կերպ պետություններն իրենց դիրքորոշումը կոնկրետ երևույթի վերաբերյալ արտահայտում են, և կողմ քվեարկած բոլոր պետությունները փաստորեն արձագանքել են և արձանագրել, որ փաստացի նման իրավախախտումներ տեղի են ունենում։

«Սա միանշանակ դրական քայլ է, անհրաժեշտ քայլ է, և նման բանաձևերի քանակը միշտ պետք է ավելացնել ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլ նաև այլ կառույցներում։ Դրա համար մեր դիվանագիտական բոլոր հնարավորություններն այս ուղղությամբ պետք է շատ լավ աշխատեն, ինչպես նաև պառլամենտական դիվանագիտությունը։ Իհարկե, սա պարտադիր կատարման փաստաթուղթ չէ։ Այսինքն՝ սա Ադրբեջանի նկատմամբ ուղղակիորեն այնպիսի պարտավորություն չի սահմանում, որի չկատարման ժամանակ սանկցիա պետք է կիրառել, բայց երբ նման բանաձևերի քանակը շատ է լինում, դա նաև քաղաքական զսպվածություն է պարտադրում Ադրբեջանին»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Փաստաբանի խոսքով՝ միանշանակ, սա պետք է դրականորեն ընդգծվի և պետք է մեր դիվանագիտական մարմինների կողմից օգտագործվի որպես շատ լավ օրինակ՝ հետագայում այլ  պետություններում և միջազգային կազմակերպություններում հարցը բարձրացնելու ուղղությամբ։

Հարցին՝ եթե Ադրբեջանը չկատարի բանաձևի պահանջները, այդ դեպքում ի՞նչ է նախատեսված, Տարոն Սիմոնյանն ասաց, որ Ադրբեջանը այս բանաձևը կարող է անտեսել և այդպես էլ անելու է, եթե ԵԽԽՎ-ն ինքը չորոշի, որ պետք է առաջացնի առանձին հետևանքներ Ադրբեջանի նկատմամբ։   

«Այսինքն՝ սանկցիայի կիրառման հետ կապված՝ միջազգային կազմակերպություններն ունեն իրենց ընթացակարգերը, այդ թվում՝ անդամակցության սառեցում, ձայնի իրավունքից զրկում, անդամակցության դադարեցում և այլն, բայց դրանք այնպիսի գործիքներ չեն, որ հողի վրա մենք երաշխիք կունենանք, թե Ադրբեջանը անպայման կդադարեցնի այդ գործողությունները»,- ասաց Տարոն Սիմոնյանը։ 

Այնուհետև նա նշեց, որ շատ կարևոր է այն, որ մենք ապացուցողական բազան նորմալ ներկայացրել ենք, և, չակերտավոր ասած, Ադրբեջանն է մեզ այդ հարցում օգնել, որովհետև ինքն էլ է այդ մասին բարձրաձայնել, որ ուզում է վերացնել հայկական պատմամշակութային ժառանգությունը կամ վերափոխել, որպեսզի դա չհամարվի հայկական։

«Այսինքն՝ այնպիսի ապացուցողական բազա ունեինք, որ մեր եվրոպացի գործընկերները մեծ հաշվով այլ կերպ չէին էլ կարող արձագանքել՝  կա՛մ պետք է անտեսեին, կա՛մ պետք է արձագանքեին. ի պատիվ մեր եվրոպացի գործընկերների՝ նրանք նախընտրեցին արձագանքել, այլ ոչ թե անտեսել»,- եզրափակեց Տարոն Սիմոնյանը։ 

Լիլիթ Թադևոսյան