Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզը և Բեռլինը դեմ են ռուսներին շենգենյան վիզաներ տրամադրելու արգելքին. DPA

Փարիզը և Բեռլինը դեմ են ռուսներին շենգենյան վիզաներ տրամադրելու արգելքին. DPA
Միջազգային
14:25, 30 август 2022
Գերմանիան և Ֆրանսիան դեմ են արտահայտվել ռուսներին շենգենյան վիզաներ տրամադրելու ամբողջական արգելքին, փոխանցում է DPA գործակալությունը, որի տնօրինության ներքո է հայտնվել Բեռլինի ու Փարիզի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթի պատճենը: Այն ուղարկել են ԵՄ մյուս անդամներին՝ Պրահայում ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին:

«Մենք պետք է մտածենք վիզաների տրամադրման կարևոր լծակների օգտագործման ողջամիտ ուղիների մասին»,- ասվում է տեքստում։

Ռուսաստանի քաղաքացիների հայտարարությունները պետք է մանրակրկիտ ստուգվեն անվտանգության հնարավոր սպառնալիքների տեսանկյունից, ասվում է փաստաթղթում։ Միաժամանակ, չի կարելի թերագնահատել ժողովրդավարական երկրներում կյանքի անմիջական փորձի ազդեցությունը, հատկապես դա վերաբերում է ապագա սերունդներին, կարծում են Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները։ 
«Մեր վիզային քաղաքականությունը պետք է արտացոլի դա և, ինչպես նախկինում, ԵՄ-ում ապահովի միջանձնային շփումները Ռուսաստանի քաղաքացիների հետ, որոնք կապված չեն ՌԴ կառավարության հետ»,- նշված է տեքստում:

Փարիզը և Բեռլինը անհրաժեշտ են համարում պահպանել իրավական բազան, որը ուսանողներին, արվեստի գործիչներին, գիտնականներին և մասնագետներին թույլ կտա մուտք գործել ԵՄ՝ անկախ նրանից, թե նրանց կարո՞ղ է արդյոք սպառնալ քաղաքական հետապնդում։

«Պետք է զգուշանալ վիզային քաղաքականության հեռուն գնացող սահմանափակումներից։ Կարևոր է թույլ չտալ, որ ռուսական նարատիվը սնուցի և օտարի ապագա սերունդներին: Կարող է առաջանալ, այսպես կոչված, համախմբման էֆեկտ. քաղաքացիները երբեմն ձգտում են համախմբվել իրենց ղեկավարության շուրջը դրսից հարձակումների և սադրանքների դեպքում»,- կարծում են Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները: