Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն մտադիր է հրաժարվել ռուսներին պարզեցված կարգով վիզաների տրամադրման մասին համաձայնագրից. FT

ԵՄ-ն մտադիր է հրաժարվել ռուսներին պարզեցված կարգով վիզաների տրամադրման մասին համաձայնագրից. FT
Աշխարհ
10:26, 29 август 2022
Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կաջակցեն Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրման պարզեցված ընթացակարգը վերացնելու գաղափարին, գրում է Financial Times թերթը։ ԵՄ-ում ճամփորդող ռուսները ստիպված կլինեն կատարել ավելի բարձր մուծումներ և ավելի երկար սպասել զբոսաշրջային վիզայի համար։

Ռուսաստանի և Եվրամիության միջև պարզեցված կարգով վիզաների տրամադրման մասին համաձայնագիրը գործում է 2007 թվականից։

Պայմանագրի խզումը կնշանակի, որ ՌԴ քաղաքացիները կվճարեն ոչ թե 35 եվրո՝ վիզայի վճարի կեսը (ինչպես եղել է վերջին երկու տասնամյակների ընթացքում), այլ 70 եվրո։

Բացի դրանից, կբարդանա բյուրոկրատական ընթացակարգը.անհրաժեշտ կլինի ներկայացնել ավելի շատ փաստաթղթեր, ինչը էականորեն կձգձգի դիմումների քննարկման գործընթացը։

Վիզայի հարցը օգոստոսի 31-ին ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Պրահայում արտաքին գործերի հարցերով ԵՄ Խորհրդի ոչ պաշտոնական նիստին։

Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Չեխիան, Լեհաստանը և Ֆինլանդիան հանդես են գալիս հօգուտ ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման համաեվրոպական արգելքի։ Եվրամիության մի շարք պետություններ, որոնց շարքում են Ֆրանսիան և Գերմանիան, դեմ են նման կոշտ միջոցներին։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, մասնավորապես, հայտարարել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է հնարավորություն տա մեկնելու նրանց, ովքեր դեմ են Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը։ 

ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպես կիրակի օրը հայտարարել է, որ ամբողջական արգելքի գաղափարը հազիվ թե աջակցություն ստանա հանդիպմանը։

«Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի քաղաքացիական բնակչության հետ հարաբերությունների դադարեցումը կօգնի, և ես չեմ կարծում, որ այս գաղափարը միաձայն աջակցության կարժանանա: Մենք պետք է ավելի ընտրողական լինենք: Բայց ես չեմ աջակցում բոլոր ռուսներին վիզաների դադարեցմանը»,- ասել է Բորելը ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում: