Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է իրական քայլեր ձեռնարկի և կանգնեցնի Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ. կոնգրեսական Բրեդ Շերման

ԱՄՆ-ը պետք է իրական քայլեր ձեռնարկի և կանգնեցնի Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ. կոնգրեսական Բրեդ Շերման
Միջազգային
16:28, 16 декабрь 2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խոր մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի կապակցությամբ։ Այս մասին ասված է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ։

«Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, որն օգտագործվում է սննդամթերքի, դեղորայքի ու այլ կենսական կարևորության ապրանքների տեղափոխման համար։ Արդյունքում Արցախի 120 հազար հայերի կյանքն ու տարածաշրջանում խաղաղության հեռանկարները լրջագույն սպառնալիքի տակ են։ 

Միջազգային հանրությունը պետք է անվերապահորեն դատապարտի այդ վրդովեցուցիչ սադրանքը և ձեռնարկի բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քայլերը՝ այս ճգնաժամային իրավիճակում հայ ժողովրդին աջակցելու համար։ Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի նման ջանքերը և ձեռնարկի իրական քայլեր Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան զսպելու համար՝ սկսած 907-րդ փոփոխության կիրարկումից»,- ասել է Շերմանը։

Նա ընդգծել է, որ չնայած 2020 թվականի պատերազմից հետո սա հերթական դժվար պահն է հայության համար, հայ ժողովուրդը տոկուն է և վճռական։ «Ես միշտ աջակցելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդին, շարունակելու եմ մեր պայքարը՝ վերջ դնելու Ադրբեջանի հարձակումներին Հայաստանի և Արցախի վրա»,- եզրափակել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։