Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դունյա Միյատովիչը հերթական անգամ կասկածի տակ դրեց իր աշխատանքի անկախությունն ու անաչառությունը». Բաքուն պատասխանել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

«Դունյա Միյատովիչը հերթական անգամ կասկածի տակ դրեց իր աշխատանքի անկախությունն ու անաչառությունը». Բաքուն պատասխանել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Միջազգային
15:01, 23 декабрь 2022
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն համարել է «կանխակալ և տեղում առկա իրողությունները չարտացոլող»: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ։

«Կարծես հանձնակատարը հերթական անգամ կիրառում է երկակի ստանդարտներ և ընտրողական մոտեցում», - նշվում է մեկնաբանության մեջ։ 

 Ադրբեջանի ԱԳՆ-ն անհասկանալի է համարում Դ. Միյատովիչի «կանխակալ» դիրքորոշումը Լաչինի ճանապարհին «բողոքի խաղաղ ակցիաների նկատմամբ», որոնց ժամանակ հնչում են «Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործումը կանխարգելելու պահանջներ»: 

«Այսպիսով, Եվրոպայի խորհրդի հանձնակատարը հերթական անգամ կասկածի տակ դրեց իր աշխատանքի անկախությունն ու անաչառությունը։ Բացի դրանից, հանձնակատարի հայտարարությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին կոչ է արել «լինել անաչառ, ինչպես պահանջում է նրա մանդատը, և զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են վնասել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը»։