Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը լքած «դավաճանների» վերադարձը երկիր պետք է արգելել. Մեդվեդև

Ռուսաստանը լքած «դավաճանների» վերադարձը երկիր պետք է արգելել. Մեդվեդև
Միջազգային
14:09, 28 декабрь 2022
ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է Ռուսաստանից հեռացածներին թույլ չտալ վերադառնալ «մինչև իրենց կյանքի վերջը» և կտրել նրանց եկամտի աղբյուրներից։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։ 

Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր լքել են հայրենիքն ու մեկնել արտերկիր, իսկ հիմա «անվերջ նզովքներ են հղում իշխանությունների հասցեին» և ցանկանում են, որ իրենց երկիրը «արագ պարտվի պատերազմում» ու երազում են Ռուսաստանի ոչնչացման մասին, պետության թշնամիներ են։

«Դավաճանները, ովքեր այնքան են ատում իրենց երկիրը, որ կոչ են անում նրա պարտության և կործանման, պետք է համարվեն որպես hostis publicus՝ հասարակության թշնամիներ։ Անկախ նրանց արարքների իրավական որակումից»,- գրել է Մեդվեդևը։ 

Այդպիսի մարդկանց չպետք է թույլ տալ վերադառնալ, նրանց պետք է «լիովին կտրել եկամտի աղբյուրներից» Ռուսաստանի Դաշնությունում, կարծում է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ նրանց վերադարձը Ռուսաստան կարող է տեղի ունենալ միայն կանխավ արված հրապարակային զղջման դեպքում, համաներման կամ ներման միջոցով։

«Չնայած ավելի լավ է, որ նրանք չվերադառնան»,- հավելել է ԱԽ փոխնախագահը։