Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Միջուկային զենք՝ միջուկային զենքի դիմաց». Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին

«Միջուկային զենք՝ միջուկային զենքի դիմաց». Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Միջազգային
11:15, 02 февраль 2023
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ կգործադրի «ամենակոշտ արձագանքը» ԱՄՆ-ի կողմից ցանկացած ռազմական սադրանքի դեպքում: 

«Հյուսիսային Կորեան ամենակոշտ արձագանքը կգործադրի ԱՄՆ-ի ցանկացած ռազմական փորձի դեպքում՝ «միջուկային զենք՝ միջուկային զենքի դիմաց, և տոտալ առճակատում՝ տոտալ առճակատման դիմաց» սկզբունքով»,- ասվում է Հուսիսային Կորեայի ԱԳՆ-ի անանուն ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: 

Նշվում է, որ հունվարի 31-ին Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը բացահայտ հայտարարել է, որ Վաշինգտոնն այս երկրում կտեղակայի ավելի շատ ռազմավարական միջոցներ, ինչպիսիք են հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչները և միջուկային կրիչները։

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի աշխատակիցը նախազգուշացրել է, որ «եթե ԱՄՆ-ը շարունակի ռազմավարական ակտիվներ տեղակայել Կորեական թերակղզում և դրա շրջակայքում, Հյուսիսային Կորեան պարտադիր կբացի իր զսպման գործողությունները՝ դրանց բնույթին համապատասխան»: 

Նրա խոսքով՝ «որքան ավելի վտանգավոր դառնա ամերիկյան սպառնալիքը Հյուսիսային Կորեայի նկատմամբ, այնքան ավելի ուժեղ պատասխան հարվածի կբախվի ԱՄՆ-ն»։ 

«Հյուսիսային Կորեան պատասխանատու կերպով կպաշտպանի խաղաղությունն ու անվտանգությունը Կորեական թերակղզում և տարածաշրջանում հզոր զսպման միջոցով այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի և նրա վասալ ուժերի թշնամական քաղաքականությունը և ռազմական սպառնալիքը վերջնականապես արմատախիլ չեն լինի»,- ասել է հյուսիսկորեացի դիվանագետը։

Նա նաև հավելել է. «Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ որևէ շփումով կամ երկխոսությամբ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք վարում են իրենց թշնամական քաղաքականությունը և առճակատման գիծը»:

Փհենյանը Վաշինգտոնի դեմ պետք է գործի միայն ուժով, «որովհետև նրանք (ԱՄՆ-ը - «Ինտերֆաքս») երազում են զինաթափել Հյուսիսային Կորեային և տապալել նրա սոցիալական համակարգը», ամփոփել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը։ 

Հայտարարությունն արվել է մի քանի ժամ անց այն բանից, երբ Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ օդային զորավարժություն են անցկացրել Դեղին ծովի վրա՝ ներգրավելով B-1B ռազմավարական ռմբակոծիչը և ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-22 և F-35B անտեսանելի կործանիչները: