Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանով. Սեուլն ի պատասխան արձակել է երեք հրթիռ

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանով. Սեուլն ի պատասխան արձակել է երեք հրթիռ
Աշխարհ
11:23, 02 ноябрь 2022
Հյուսիսային Կորեան բաժանված թերակղզու պատմության մեջ առաջին անգամ հրթիռ է արձակել Հարավային Կորեայի հետ ծովային սահմանով։ Հարավային Կորեայի նախագահը միջադեպն անվանել է «ըստ էության ներխուժում»:
 
Հյուսիսկորեացիների արձակած փոքր շառավղով բալիստիկ հրթիռն ընկել է ծովը հարավկորեական Սոկխչո քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա, որը տեղակայված է թերակղզու արևելյան ափի սահմանազատման գծի մոտ։

Հարավային Կորեան ի պատասխան արձակել է երեք հրթիռ՝ նաև ծովում, ծովային սահմանով: 

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ ծովային սահմանով հրթիռի արձակումը «ըստ էության տարածքային ներխուժում է» Հյուսիսային Կորեայի կողմից։

 Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան հյուսիսկորեացիներն ընդհանուր առմամբ արձակել են առնվազն 10 հրթիռ։ 

 Կորեայի Հանրապետության գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարավկորեական բանակը «չի հանդուրժի Հյուսիսային Կորեայի այդ սադրանքները և կպատասխանի կոշտ ու վճռական՝ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի սերտ համագործակցության շրջանակներում»։

Հարավային Կորեայի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը Հյուսիսային Կորեայի կողմից վերջին հրթիռների արձակման կապակցությամբ իրենց երկրներում գումարել են ազգային անվտանգության խորհուրդներ։

Նախօրեին Փհենյանը Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից պահանջել էր դադարեցնել այս շաբաթ ընթացող համատեղ զորավարժությունները և սպառնացել մերժման դեպքում ձեռնարկել «հզոր» միջոցներ։