Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային տերություն

Հյուսիսային Կորեան պաշտոնապես իրեն հռչակել է միջուկային տերություն
Աշխարհ
12:08, 09 сентябрь 2022
Հյուսիսային Կորեայի Գերագույն ժողովրդական ժողովն ընդունել է օրենք «Միջուկային ուժերի ոլորտում քաղաքականության մասին», որն իրավաբանորեն ամրապնդել է միջուկային պետության կարգավիճակը։ Հյուսիսային Կորեան նաև ընդգծել է, որ բանակցություններ չի վարելու  ապամիջուկայնացման շուրջ, քանի որ միջուկային զենք ունենալը նրա օրինական և անքակտելի իրավունքն է։

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):

Օրենքում կան կետեր միջուկային ուժերի կառուցվածքի և հրամանատարության, նպատակների, միջուկային ուժերի օգտագործման պայմանների և համապատասխան որոշումներ կայացնելու կարգի վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ Հյուսիսային Կորեան, լինելով «պատասխանատու միջուկային տերություն», միջուկային զենք չի փոխանցի այլ երկրներ, չի կիսվի միջուկային տեխնոլոգիաներով, սարքավորումներով և դրանց արտադրության համար նյութերով։

«Միջուկային ուժերը ենթարկվում են բացառապես Պետական խորհրդի նախագահին։ Միջուկային զենքի վերաբերյալ բոլոր որոշումները կայացնելու իրավունքը պատկանում է Պետական խորհրդի նախագահին»,- ասվում է օրենքում։ Միջուկային ուժերի հետ կապված ցանկացած որոշում նույնպես կայացվում է բացառապես երկրի առաջնորդի կողմից։

Միջուկային զենքի օգտագործման պայմաններն են Հյուսիային Կորեաի դեմ միջուկային զենքի կիրառումը կամ անդառնալի սպառնալիքը, հարձակումը երկրի ղեկավարության վրա, այդ թվում՝ ոչ միջուկային զենքի կիրառմամբ, ռազմական հարձակումը կարևոր ռազմավարական օբյեկտների վրա, երկարաձգված ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը: Փաստաթղթում առանձին ընդգծվում է, որ նման հակահարվածները կհասցվեն «ավտոմատ կերպով»՝ սպառնալիքը հաստատող տվյալների ի հայտ գալուց հետո։