Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը մերժել է հրադադարի առաջարկը, օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայում. զոհերի թիվը կտրուկ աճել է

Իսրայելը մերժել է հրադադարի առաջարկը, օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայում. զոհերի թիվը կտրուկ աճել է
Միջազգային
11:08, 14 май 2021
Իսրայելը մերժել է հրադադար հաստատելու Եգիպտոսի առաջարկը. եգիպտական պատվիրակությունը իսրայելական ու պաղեստինյան կողմերի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո լքել է Թել Ավիվը՝ չկարողանալով համոզել Իսրայելի իշխանություններին կրակը դադարեցնելու հարցում:

Եգիպտոսը հանդես էր գալիս որպես միջնորդ երկիր: Նախքան Իսրայել մեկնելը նրանք հանդիպումներ էին ունեցել Պաղեստինում, ընդ որում՝ առաջարկվել է հրադադարի ու կրակի դադարեցման մի քանի տարբերակ: Մերժվել են բոլորը:

Իսրայելի ՊԲ-ն հայտնել է, որ օդուժն ու ցամաքային զորքերը հարձակման են անցել Գազայում, այդ հարձակումների հետևանքով զոհերի թիվը շեշտակի աճել է՝ մի քանի ժամում հասնելով 115-ի: Ընդհանուր առմամբ վիրավորվել է 600 մարդ:

Հաղորդվում է, որ առավել ուժգին բախումներ են գրանցվել Արևմտյան ափին՝ Հիերիխոն քաղաքի մոտակայքում:

Իսրայելը հարձակման հետ զուգահեռ շարունակում է ակտիվ հրետակոծության տակ պահել Գազայի հատվածը: Այս պահին  հոսպիտալներում արյան դոնորների կարիք կա, քանի որ վիրավորների թիվը բավական մեծ է: Մարդկանց տարհանումը ևս շարունակվում է, պաղեստինցիները հիմնականում պատսպարվում են ՄԱԿ-ի հովանու ներքո գործող դպրոցներում: