Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանի հետ ուղիղ եթերը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով

Էրդողանի հետ ուղիղ եթերը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով
Միջազգային
11:23, 26 апрель 2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ չորեքշաբթի լույս գիշերը ուղիղ հեռարձակումը դադարեցվել է նրա վատ ինքնազգացողության պատճառով: Թուրք առաջնորդի խոսքով՝ վատ ինքնազգացողության պատճառը ստամոքսային գրիպն է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Էրդողանը պատասխանում էր Kanal7 և Ülke հեռուստաընկերությունների լրագրողների հարցերին։ Հեռարձակման մեկնարկից մի քանի րոպե անց հեռարձակումը դադարեցվել է 20 րոպեով, իսկ հեռուստատեսությամբ հեռարձակվել են գովազդային հոլովակներ։

Երբ հեռարձակումը վերսկսվել է, Էրդողանը ստուդիայում գտնվող լրագրողներին ասել է, որ «ստամոքսը սաստիկ մրսացրել է»։

«Մենք շատ ենք աշխատում, ես լուրջ մրսածություն ունեմ: Մենք մտածեցինք, որ եթե չեղարկենք ծրագիրը, ապա մեզ կարող են սխալ հասկանալ: Մենք եկանք, ինչպես և խոստացել էի: Մենք նույնպես ժամանակ առ ժամանակ նման խնդիրների ենք բախվում: Ներողություն եմ խնդրում մեր բոլոր քաղաքացիներից, որոնք հիմա հեռուստաէկրանի դիմաց են», - ասել է Թուրքիայի նախագահը։

Դրանից հետո լրագրողները մեկական հարց են ուղղել Թուրքիայի նախագահին, և հեռարձակումն ավարտվել է։

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Էրդողանի առողջական վիճակում որևէ վտանգավոր բան չկա: