Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրան-Իսրայել պատերազմի հավանականությունը մեծ չէ. ԱՄՆ-ն չի ցանկանում դա. իրանագետ

Իրան-Իսրայել պատերազմի հավանականությունը մեծ չէ. ԱՄՆ-ն չի ցանկանում դա. իրանագետ
Հարցազրույց
13:23, 17 октябрь 2023
Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անհետևանք չեն մնա, և նախազգուշացրել է առաջիկա ժամերին հնարավոր կանխարգելիչ գործողությունների մասին։ Որքանով է հավանական Իսրայել-Իրան ուղիղ պատերազմը, և ինչպիսի ազդեցություն դա կթողնի Հայաստանի վրա: Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է իրանագետ Էմմա Բեգիջանյանի հետ։

- Տիկին Բեգիջանյան, գերտերությունների ուշադրությունը կենտրոնացած է իսրայելա-պաղեստինյան պատերազմի վրա։  Իրանը իր հերթին առնվազն հայտարարությունների տեսքով աջակցում է  Պաղեստինին։ Որքանո՞վ  է հնարավոր Իրան-Իսրայել ուղիղ առճակատումը։

- Մեծ չի հավանականությունը Իրան-Իսրայել պատերազմի։ ԱՄՆ-ն չի ցանկանում դա, բայց Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ցանկանում է։ Նա շատ ջանքեր թափեց, որ Իրանի դեմ պատերազմը սկսվի Ադրբեջանի հետ առճակատումով, բայց դա չստացվեց։ Հիմա եթե Իրանը մտնի պատերազմի մեջ, այդ դեպքում տարածաշրջանը կհայտնվի պատերազմի մեջ։ ԱՄՆ-ն իր հերթին տարբեր անգամներ հայտարարել է, որ թեև Իրանը պաշտպանում է ՀԱՄԱՍ-ին, բայց որևէ փաստ չկա, որ ուղղակի աջակցել է։ Իրանը նաև չէր կարող զենքով աջակցել Պաղեստինին, որովհետև այդ անկլավի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ հարմար չէ Իրանի համար, բայց գուցե ֆինանսապես աջակցել է։ 

- Ըստ ձեզ՝ Մոսկվան կապ ունի՞ պատերազմի սկսման հետ։ Կարծիքներ կան, որ հենց Մոսկվան է Պաղեստինի միջոցով հրահրել պատերազմը, որպեսզի ԱՄՆ ուշադրությունը ռուս-ուկրաինական պատերազմից շեղի։ Ի՞նչ կարծիք ունեք դուք։

- Այդպիսի տեսակետներ կան, բայց մյուս կողմից՝ չմոռանանք, որ ՌԴ-ում էլ շատ ուժեղ հրեական համայնք կա, նրանք հիմնականում օլիգարխներ են, որոնց հետ Պուտինը հաշվի է նստում։  Բայց դա, իհարկե, ՌԴ-ի շահերից է բխում։ ՌԴ-ն հիմա դա փորձում է օգտագործել իր միջազգային դերը բարձրացնելու համար, և սա ՌԴ-ին ձեռնտու է։ 

- Ինչպիսի՞  խնդիրների կարող է բախվել Հայաստանը, եթե պատերազմը ընդլայնվի։

- Նախ Իսրայելը չէր կարող անտեղյակ լինել երկուսուկես տարի նախապատրաստվող այդ հարձակման մասին, և գուցե Իսրայելի համար դա առիթ էր, որպեսզի վերջնականապես լուծի այդ ՀԱՄԱՍ-ի հարցերը, բայց եթե ամբողջ Միջին Արևելքում պատերազմը տարածվի, և Իրանը խառնվի պատերազմին, ապա Թուրքիան ու Ադրբեջանը կարող են օգտվել դրանից և փորձեն հասնել իրենց երազանքին։ Թուրքիան պղտոր ջրից ձուկ բռնելու մեծ վարպետ է։  

- Այսինքն՝ հարմար պահի  Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են ուժով վերցնել,  այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

- Այո։ Նաև ՌԴ-ն, որը դուրս է գալիս Արցախից, ու ՌԴ-ին ձեռնտու է, որ այդ կոմունիկացիան կամ  միջանցքը  վերահսկողը ինքը լինի։ Դա ՌԴ-ի համար շանս է տարածաշրջանում մնալու։ Դրա համար ՌԴ-ն երբևէ չի ասել, որ դեմ է, ու քողարկված տարբերակով նշում է կոմունիկացիաների բացում և այլն, բայց Ադրբեջանն ու Թուրքիան էլ ասում են՝ միջանցք։ ԱՄՆ-ն իր հերթին դեմ է, բայց ակտիվ մասնակցություն չի ունենա։ Դրան ամբողջությամբ դեմ է Իրանը, քանի որ իր շահերին հակասում է։
Վերջերս հոդված կարդացի, որտեղ երկու ամերիկյան հայտնի փորձագետ Ղարաբաղյան հարցն էին քննարկում, թե ինչու դիվանագիտական աջակցությունից բացի, գործնական քայլ չկատարեց ԱՄՆ-ն՝ ի տարբերություն ռուս-ուկրաինական պատերազմի։ Փորձագետները նշում են, որ չնայած ժողովրդավարությամբ Հայաստանը առաջ է Ադրբեջանից, բայց Ադրբեջանը Թուրքիայի միջոցով  շատ ավելի մոտ  է ՆԱՏՕ-ին, քան Հայաստանը։  Իրենք ասում են, որ ՀՀ-ն դարերով փոխկապակցված է ՌԴ-ի հետ, իսկ Ադրբեջանը ավելի շատ Թուրքիա է, Թուրքիան իր հերթին ՆԱՏՕ է, ուրեմն գերադասելի է Ադրբեջանի դեմ գործնական քայլեր չանել՝ բացի դիվանագիտականից։

Դավիթ Լևոնյան