Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պատգամավորի դեմ մահափորձը, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը իսրայելական ձեռագիր է. իրանագետ

Ադրբեջանի պատգամավորի դեմ մահափորձը, Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը իսրայելական ձեռագիր է. իրանագետ
Քաղաքականություն
18:18, 10 апрель 2023
Իրանի հետ հարաբերությունների հարցում Ադրբեջանն իր տիրոջ պատվերն է կատարում՝ Իսրայելի։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը՝ խոսելով օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու մասին։ 

Նշենք, որ օրեր առաջ Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել էր Ադրբեջանի արտգործնախարարություն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան դժգոհություն էր հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի իբր սադրիչ գործողությունների առնչությամբ։ Այնուհետև Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» և արտաքսվել Ադրբեջանից։ 

Իրանագետը հիշատակեց, որ իրանական կողմն այս առնչությամբ հայտարարել է, որ դա հապճեպ և անարդյունավետ որոշում է։ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կոչ է արել Բաքվին կենտրոնանալ ընդհանուր շահերի վրա և թույլ չտալ որևէ «չարաշահում այն երկրների կողմից, որոնք ցանկանում են իրականացնել իրենց անօրինական շահերը՝ ստեղծելով տարաձայնություններ և լարվածություն» հարևանների միջև։ 

«Իրանի արտգործնախարարը և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը 2 օր իրար հետևից հեռախոսազրույց են ունեցել, և այդ զրույցում իրանական կողմը զգուշացրել է տարածաշրջանում Իսրայելի դերակատարման նվազեցման հետ կապված, որպեսզի երկրները չտրվեն մանիպուլյացիաների և հարևանների հարաբերությունները չխզվեն»,- նշեց իրանագետը՝ ընդգծելով, որ Իսրայելն է ցանկանում լարվածություն ստեղծել երկու երկրների հարաբերություններում։

Հարութ Արթին Առաքելյանը նշեց նաև, որ Ադրբեջանից Իրանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելը, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված մահափորձը, ինչպես նաև Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը ադրբեջանական կողմը փորձում է շահարկել և կապել Իրանի իշխանության գործողությունների հետ, մինչդեռ դա ավելի շատ իսրայելական ձեռագիր է: «Իսրայելը փորձում է էլ ավելի սրել Իրան-Ադրբեջան հարաբերություններն ու տանել ընդհարումների»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո Ադրբեջանը հետ կանչեց դեսպանատան իր աշխատակիցներին և հայտարարեց, որ կաշխատի միայն հյուպատոսական բաժինը։ Իսկ հիմա Ադրբեջանում Իրանի դեսպանատան աշխատակիցներն են արտաքսվել Ադրբեջանից։ Իրանագետից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս իրավիճակը չի՞ տանում երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների աստիճանաբար խզման։

«Իսրայելի տեսանկյունից եթե նայենք, ինքը կարող է փորձել տանել դրան, բայց այն, ինչ որ Իրանի կողմից ենք տեսնում, ավելի շատ փորձ է դիվանագիտորեն հարցերը կարգավորելու, որպեսզի դա տեղի չունենա»,- արձագանքեց մեր զրուցակիցը։ 

Հարցին՝ ի՞նչ կկորցնի Ադրբեջանը, եթե խզի դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանն առաջին հերթին կկորցնի Իրան-Ռուսաստան ցամաքային կամուրջը լինելու հնարավորությունը, ինչպես նաև առևտրային հարաբերությունները կխզվեն Իրանի հետ։ «3+3» ձևաչափը հենց դրա համար է, որը ժամանակին Իրանն առաջարկեց, որ տարածաշրջանի խնդիրները հենց տարածաշրջանի երկրները լուծեն»։ 

Նարա Մարտիրոսյան