Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն ինչ-որ մեկից մեկ քայլ առանձնանալու տրամաբանությամբ չի շարժվում, ՀՀ-ն շարժվում է իր պետական շահերը պաշտպանելու ուղղությամբ․ Վահագն Ալեքսանյան

«Իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող հոդված էր»,- ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով  «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, թե Վահագն Ալեքսանյանը Անահիտ Ավանեսյանի ղեկավարած կառույցի դեմ  դեմարշ է սկսել։  

Վահագն Ալեքսանյանը նշեց՝ խնդիրն այն է, որ մարդկիկ պետք է տեղեկացված լինեն, որ բուժհաստատություններում չի կարելի կատարել կանխիկ վճարում. «Բուժհաստատություններում ցանկացած կանխիկ վճարում կոռուպցիոն դրսևորում է»։ 

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ի նիստին չմասնակցելուն և հարցին, թե արդյոք մենք ևս մեկ քայլ առանձնանո՞ւմ ենք ՌԴ-ից, Ալեքսանյանը ասաց. «ՀՀ-ն ինչ-որ մեկից մեկ քայլ առանձնանալու տրամաբանությամբ չի շարժվում, ՀՀ-ն շարժվում է իր պետական շահերը պաշտպանելու ուղղությամբ»։ 

Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե իր պաշտպանության նախարար եղած ժամանակ ՀՀ-ն անվճար զենք էր ստանում ՌԴ-ից, պատգամավորը ասաց. «Երբ պարոն Օհանյանը ասում է՝ անվճար զենք ենք ձեռք բերել, թող նշի, թե ինչ զենքեր են եղել։

Եթե առանց ամաչելու կասի այն զենքերի անունները ու դրանց արտադրման տարեթվերը,  ապա կշնորհավորեմ իրեն. մեծամասամբ ջարդոն են եղել դրանք»։ 

Հարցին, թե ՀՀ-ի ու աշխարհի տարբեր երկրների միջև գործընկերային կապերը որքանո՞վ են վնասում հայ-ռուսական հարաբերություններին, Ալեքսանյանը նշեց, որ դրանք ընդհանրապես չպետք է վնասեն. «Բայց ուրիշ բան, որ Մոսկվայից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որոնք ես չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում, որ, օրինակ, Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության մասին դաշնագիր գրած ՌԴ-ն բողոքում է նրանից, որ ՀՀ-ն ընդամենը բարեկամական հարաբերություններ է հաստատում տարբեր այս կամ այն երկրի հետ»։ 

Վահագն Ալեքսանյանը նաև ասաց, որ ՀՀ-ում կան ուժեր, որոնք անկայունություն են ցանկանում մտցնել երկրում  և կառավարվում են դրսից. «Ես կարծում եմ՝ նրանք հրամաններ են ստանում դրսից, ու նրանց մեջ կա որոշակի սուբորդինացիա»։

Դավիթ Լևոնյան 

Մանրամասները՝ տեսանյութում