Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան Հայաստանին կործանիչ հարված հասցնելու մոլուցքով է լցված. Գուրգեն Սիմոնյան

«Ըստ էության Ռուսաստանը իր մղձավանջներից է վախենում, իսկ դա այն է, որ ՀՀ-ն լիակատար ինքնիշխանություն ձեռք կբերի ու Արևմուտքի միջոցով կկարողանա իր ներուժը ավելացնել ու ինքնիշխանությունը պահպանել։ Կայսրությունները այդպիսի ֆոբիաներ միշտ են ունենում»: Այս մասին ասաց  քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը, թե Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել չափազանց վտանգավոր մտահղացումների իրականացման գործիքի։

Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանը բովանդակային առումով շատ ավելի նման պետություն է  ՌԴ-ին, քան Հայաստանը. «Որովհետև Ադրբեջանը բռնապետություն է, ու այնտեղի բռնապետը ռուսական իրողություններին բավականին աֆիլացված է ու, կարելի է ասել, մեկ ընտանիքի անդամ է, իսկ ՀՀ-ն չի ընկալվում ՌԴ-ի կողմից, որովհետև ժողովրդավարական պետություն ենք ուզում ունենալ»։  
Քաղաքագետի կարծիքով՝ Ղազախստանի նախագահի այցը Հայաստան պայմանավորված էր Ադրբեջան-Հայաստան գործընթացներում Ադրբեջանի շահերը առաջ տանելով. «Ես կարծում եմ՝ պետք է նաև ձեռնպահ մնալ հյուպատոսությունների բացումից ՀՀ տարբեր վայրերում։  Դիվանագիտական առաքելությունները երբ բազմազանեցվում են, դրանք, լինելով նաև այլ երկրների շահերը առաջ տանող միջոցներ, տալիս  են ավելի մեծ հնարավորություններ»։ 

Սիմոնյանը նշեց, որ 2022 թվականի ռուս-ադրբեջանական պայմանագրով՝ ռուսական զորքերը վտանգ  են հանդիսանում Հայաստանի համար ու պետք է օր առաջ նրանց դուրս բերել մեր պետությունից, իսկ հարցին,   թե ինչ քայլերով դրան կպատասխանի Մոսկվան, Սիմոնյանը ասաց. «ՌԴ-ն առանց այդ քայլերի էլ ՀՀ-ին կործանիչ հարված հասցնելու մոլուցքով և ռազմավարությամբ է լծված։ Հետևաբար եթե հիմա ինչ-որ քայլեր չեն անում, ուրեմն գործիքակազմ չունեն։ Ի՞նչ կարող են անել... ահաբեկչություն պետք է անեն, կարող են հանրային վայրերում ապակայունացնող գործողություններ անել և ՀՀ-ում անիշխանության մթնոլորտ ձևավորել»։ 
Ըստ Սիմոնյանի՝ ՌԴ-ն Կովկասյան լեռնաշղթայից դուրս է շպրտվում. «Նրանք հասկացել են, որ տանուլ են տվել իրենց պայքարը Կովկասյան լեռնաշղթայում, տանուլ են տվել իրենց ամբիցիաները Ուկրաինայում և այլն»։

Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան