Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը հասկանում է, որ ցանկացած բան, ինչի գլխին իրենք կանգնում են՝ դատապարտված է ձախողման

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան Տավուշի հատվածից սկսել սահմանագծման և սահմանազատման հետ կապված՝ հիմք ընդունելով Ալմա Աթիի հռչակագիրը, որից հետո ընդդիմադիրները շտապեցին Տավուշ, բողոքի ակցիաներ սկսվեցին, փողոցներ փակվեցին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադառնալով իրավիճակին կարևորեց Ալմա Աթին՝ որպես սկզբունք ընդունելու փաստը, իսկ բողոքի ակցիաների մասին նշեց, որ ռացիոնալ մտածող մարդկանց համաձայնությունը պետք է ողջունվեր, սակայն մենք գործ ունենք Հայաստանը՝ որպես անկախ պետություն տեսնել չուզող գործիչների հետ։

«Նրանք, ակնհայտորեն, շատ խիստ մտահոգված են այն հանգամանքով, որ Հայաստանը վերջապես պետք է դուրս գա այն կարգավիճակից, որն ուներ, որ Հայստանն ու նրա ժողովուրդը պետք է ստանա պետական սահման՝ շփման գծի փոխարեն, ու Հայաստանը պետք է ունենա խաղաղ սահմաններ և դուրս գա այս՝ հավերժ պատերազմի շրջափուլից»։

Անդրադառնալով Հայաստանի՝ լավագույն պաշտպանական դիրքերի հանձնման մասին թեզին պատգամավորն ասաց, որ դա վաղուց այդպես չէ, և վերջին տարիների ընթացքում բազմաթիվ վայրերում շատ ավելի ամուր պաշտպանական կառույցներ են կառուցվել։

«Նախկինում այդ պաշտոնները զբաղեցրած պաշտոնյաները՝ տեսնելով, որ հնարավոր է 1-2 տարում այդպիսի պաշտպանական կառույցներ կառուցել պետք է ամոթից գետինը մտնեին ու մի քանի տարի այդ գետնից դուրս չգային։ Հիշում եք, որ սկզբից գնացել էին Ոսկեպար, այնտեղ էին ուզում վախի մթնոլորտ տարածել՝ շահարկելով ճանապարհի հարցը, բայց ստացվեց այնպես, որ ճանապարհի մասով ոչ մի խնդիր չառաջացավ։ Խնդիր առաջացավ միայն Կիրանցի շատ փոքր հատվածի հետ, որը 3-4 ամսում լուծելի խնդիր է»։

Պատգամավորի կարծիքով՝ լավ ընտրություն է սահմանազատումը հենց այդ հատվածից սկսելը։
«Ադրբեջանական կողմը պարբերաբար փորձում էր գեներացնել թեզեր, թե իրենց գյուղերը օկուպացված են, հայտարարում էին, թե իրենց Հայաստանն օկուպացվախ է պահում իրենց գյուղերը, և այդ ամենը կարող էր վերածվել ռազմական էսկալացիայի։ Այդ հարցը այստեղ փակելով՝ ակնհայտ է, որ այդ էսկալացիայի վտանգը մի քանի անգամ կնվազեցվի, չի բացառվի, բայց էականորեն կնվազեցվի»։

Ինչու՞ է խորհրդարանական ընդդիմությունը փորձում իր դեմքով չգլխավորել ակցիաները, բողոքի ցույցերը, այլ այդ դերում հայտնվել է եկեղեցին։ Վահագն Ալեքսանյանի կարծիքով՝ փորձել են մաքսիմալ հեռու մնալ՝ հաշվի առնելով իրենց ցածր վարկանիշը։

«Լավ հասկանում են, որ ցանկացած բան, ինչի գլխին իրենք կանգնում են դատապարտված է ձախողման։

Փորձել էին ոչ թե առհասարակ չեզոք մնալ, այլ՝  առաջին էյշելյոնին  խաղի մեջ չմտցնել, երկրորդ, երրորդ էյշելյոնով մտնել քաղաքական խաղի մեջ, բայց դա էլ է շատ ծիծաղելի, որովհետև մարդիկ շատ լավ գիտեն, թե ով ով է՝ ով ումից է սերտաճած»։

Անդրադառնալով եկեղեցու դերին, Ալեքսանյանը նշեց, որ եկեղեցու առնվազն որոշ գործիչներ զբաղված են քաղաքականությամբ և իրենց թույլ են տալիս վիրավորական արտահայություններ ժողովրդի հասցեին։

«Զարմանում եմ, թե ինչու՞ պարոն Կճոյանը՝ իր հայտնի բենթլիով չի շտապել Տավուշի մարզ։ Ենթադրում եմ Կիպրոսում ավելի կարևոր օֆշորային հարցեր ունի լուծելու և շուտով, գուցեև շտապի միանալ իր գործընկեր ընդդիմադիր եպիսկոպոսին»։

Խաղաղության պայմանագրում, ինչպես նշեց պատգամավորը,  սահմանազատման մասին բացի Ալմա Աթիից այլ հիմք չկա ամրագրված։ Ըստ Ալեքսանյանի՝ միանշանակ է, որ այս գործընթացն անգամներով նվազեցրել է հնարավոր էսկալացիայի ռիսկը՝ չբացառելով այն։ Միաժամանակ պատգամավորի համար ակնհայտ է, որ Ռուսաստանն այնքան էլ ոգևորված չէ Հայստանի և Ադրբեջանի միջև այս պայմանավորվածության ձեռքբերմամբ։
 
Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան