Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի թեման փակված չէ. Անդրանիկ Քոչարյան

15 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին, նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիները, ովքեր նստացույցեր էին իրականացնում Երևանի Ազատության հրապարակում, առավոտյան ենթարկվեցին հարձակման՝ ուժային կառույցների կողմից։ Այդ օրը Երևանի կենտրոնում 10 մարդ զոհվեց։ Դեպքերից հետո հարուցված քրեական գործերով մի շարք ընդդիմադիրների մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով, շատերը դատապարտվեցին ազատազրկման։ Սպանություն գործածները, սակայն, չբացահայտվեցին։ 2018 թվականի հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի քրեական գործը վերաբացվեց։ Գործի անջատված մասով մեղադրանք առաջադրվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի և 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Ապա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այն հոդվածը, որով նախկին պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարում է՝ «Մարտի 1»-ի թեման փակված չէ։ 

«Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ամեն ինչ արեց, որպեսզի գործը դատաքննական փուլ չհասնի։ Դա տևեց տարիներ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը ազնիվ էր, արդար էր մարտի 1-ի իր որոշումների տիրույթում, ապա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի գործը մտներ դատաքննության փուլ, և ինքը հենց դատարանում ապացուցեր, որ ինքը մեղավոր չի, և ուրիշ մարդիկ են մեղավոր։ Ապացուցեր, որ բանակը չի կիրառվել, որ կրակոց չի եղել, բայց չկրակելու արդյունքում 10 մարդ է մահացել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը և նկատեց՝ դատաիրավական համակարգը խնդիր է ունեցել։ 

«Ինչքան էլ իրենք փորձեն ասել, որ Մարտի 1-ի թեման փակված է՝ թեման փակված չէ, որովհետև այդ զեկույցների մեջ արձանագրված փաստերը իրենց մեղադրանքների մեջ լուծումների չեն արժանացել»,- ասաց կառավարող ուժի ներկայացուցիչը։
Պատգամավորը նկատեց՝ որպես երկրում փոփոխություն բերած ուժ իրենք պարտավոր են ջանքերն ավելացնել Մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։

«Ե՛վ արդարադատության համակարգին, և՛ նոր Գլխավոր դատախազին պետք է խնդրենք, որպեսզի իրավական լուծումների հետ կապված առաջարկի նախաքննական մարմնին, թե ի՞նչ ճանապարհով, այնուամենայնիվ,  մենք կարող ենք հասնել լիարժեք արդարադատության կայացմանը, որպեսզի տուժողների հարազատները և մեր տուժած զավակները ձեռք բերեն հոգու հանգստություն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը և ավելացրեց, որ  ամեն մի հնարավորություն պետք է օգտագործել, և Գլխավոր դատախազությունը պետք է այդ ուղղությամբ ջանքեր գործադրի։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան