Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի նախագահի հրաժարականով շահագրգռված են նրանք, ովքեր Արցախում իշխանափոխության արդյունքում ակնկալում են իշխանափոխություն ՀՀ-ում․ ԼՂ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր

Արցախի նախագահի հրաժարականով շահագրգռված են նրանք, ովքեր Արցախում իշխանափոխության արդյունքում ակնկալում են իշխանափոխություն ՀՀ-ում․ ԼՂ ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավոր
Հարցազրույց
15:56, 29 август 2023
Ինչպես  հայնի է՝ տեւական ժամանակ խոսվում է Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի մասին։ Օրերս Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, թե Հարությունյանը 8 հոգանոց խմբի ներկայությամբ խոստացել հրաժարական տալ ու չի կատարել իր խոստումը։  

Երեկ էլ «Վերածննդի» հրապարակում մեծ բազմություն էր հավաքվել, որոնց հետ հանդիպման ժամանակ նախագահը հայտարարել է՝ մի  քանի օր առաջ ուզում էր հրաժարական տալ, հիմա էլ պատրաստ է դա անել։  «Վաղը, մյուս օրը ավելի նեղ կազմով կորոշենք, եթե պետք լինի, որ ես հրաժարական տամ․․․»։

«Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար  Սամվել Բաբայանը օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում, անդրադառնալով օրերս կայացած «կոնսպիրատիվ երեկոյին», մասնավորապես հայտարարել էր․ «8 հոգով հավաքվել են, փողոցում ինչ-որ պադվալ գտել, մտել, Հարությունյանն ասել է՝ հրաժարական եմ տալիս ու լրատվականներն էլ դա տարածել են, բայց բացարձակ անուն չեն տվել, թե ո՞վ պետք է իրեն հաջորդի, ո՞վ է փոխարինելու։ Ո՞նց կարող են 8 հոգով որոշեն, որ նախագահը հրաժարական է տալիս ու հաջորդողի անունը չասեն, շների՞ն են տալիս իշխանությունը։ Ասեք այդ անունը, հետո տվեք այն նախարարների անունները, որոնք հերթ էին կանգնել Ղարաբաղը փաթեթով հանձնելու համար։ 25 տարի երկիրն այս վիճակին են բերել, հիմա էլ Արցախը որպես զոհ տալիս են, որ Հայաստանում իշխանություն ստանան։ Էս մարդիկ արդեն խեղդվում են, էդ անունները չեն ուզում լսել, բայց ժողովուրդը իրավունք ունի, չէ՞, իմանա, ով է նախագահ լինելու, ովքեր են նոր նախարարները»,-հայտարարել էր Բաբայանը եւ  ի պատասխան հարցի՝ ո՞ւմ է տեսնում Արայիկ Հարությունյանի փոխարեն՝ արձագանքել էր․ «Չգիտեմ, այնտեղ չեմ էլ եղել, որ հնարավոր անուններին ծանոթ լինեմ։ Բայց իշխանությունը պետք է հրապարակի, թե ովքեր են եղել այդ 8 անձը։ Ես գիտեմ, թե ովքեր են, բայց ուզում եմ, որ իրենք ասեն, եթե ուշացնեն, ես եմ հայտարարելու անունները»։

Civic․am-ը Արցախի նախագահի հնարավոր հրաժարականի եւ այլ հարցերի շուրջ հարցեր է հղել Արցախի ԱԺ մեծությամբ երկրորդ ուժի՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Սեյրան Հայրապետյանին։ 

-Պարոն Հայրապետյան, ըստ Ձեզ, ովքե՞ր են շահագրգռված նախագահի հրաժարականի հարցում եւ ի՞նչ կտա այդ հրաժարականը շրջափակված Արցախին։ Եւ ամենակարեւորը՝ ո՞վ պետք է փոխարինի նրան։ Անուններ շրջանառվո՞ւմ են։  

-«Միասնական հայրենիք» կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնել է վերջին հայտարարությամբ, լրացման կարիք, կարծում եմ, չկա։ Իսկ նախագահի հրաժարականով շահագրգռված են նրանք, ովքեր Արցախում իշխանափոխության արդյունքում ակնկալում են իշխանափոխություն Հայաստանում։ Արցախի քաղաքական ուժերի նարատիվները հիմնականում պտտվում են այն բանի շուրջ, որ Արցախի հարցը կարող է լուծվել, եթե Հայատանում իշխանություն փոխվի։ Այլապես, եթե արցախյան հիմնախնդրի լուծման տեսլական չունես, ինչո՞ւ պիտի մի խամաճիկի լոբբինգ անես որպես ապագա նախագահացու։

-Օրերս Ձեր Ֆեյսբուքյան էջում գրել էիք․ «Եթե մեկ շաբաթվա ընթացքում Սամվել Բաբայանին Արցախի ժողովուրդը չվերապահի համապատասխան իրավասություններ` Արցախը կորսվելու է անվերադարձ»։ Ի՞նչ նկատի ունեք, ինչ իրավասություններ պետք է տրվեն պարոն Բաբայանին եւ ի՞նչ լուծում է առաջարկում նա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Խնդրում եմ՝ մի քանի խոսքով մանրամասնեք։ 

-Սամվել Բաբայանը եզակի քաղաքական գործիչ է, ով հստակ ծրագիր ունի և չի խորշում հանրայնացնել այն։ Իհարկե, դժվար է այս քաղաքական «Բաբելոնի» մեջ գնահատել ռացիոնալ միտքը, բայց այլընտրանք չունենք, գալու ենք դրան։ Մենք առաջարկում ենք բանակցային շրջանակային փաստաթուղթ մշակել և այդ շրջանակում երկխոսել Բաքվի հետ, ապահովել հայկական Արցախի գոյությունը։ Իսկ հացի բազմամարդ հերթերի, սովամահության, առևանգումների ֆոնին պայքարի մասին պաթոսախեղդ կոչերն, անկեղծ ասած, այլևս զավեշտալի են։

-Ի՞նչ ընթացակարգ է նախատեսում ԱԺ փոփոխված Կանոնակարգը նախագահի հրաժարականից հետո։ «Միասնական Հայրենիք» խմբակցությունը ի՞նչ դիրքորոշում ունի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցով, ինչպե՞ս կքվեարկի, եթե նոր նախագահ ընտրելու հարցը մտնի ԱԺ։ 

-«Միասնական հայրենիք»-ը իր 9 ձայնով պատրաստակամ է կանգնելու ծրագիր ունեցող յուրաքանչյուր թեկնածուի կողքին։ Այլապես 25 տարի անծրագիր, անհեռանկար, անգաղափար իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրվան։

-Օրերս նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ, ըստ ԶԼՄ-ների, քննարկվել է Աղդամի ճանապարհից օգտվելու Ադրբեջանի առաջարկին հավանություն տալու հարցը։ «Միասնական Հայրենիք»-ը մասնակցե՞լ է այդ խորհրդակցությանը եւ մասնավորապես ի՞նչ հարցեր են քննարկվել այդ հավաքի ժամանակ, ո՞ր քաղաքական ուժերն ու պաշտոնյաներն են մասնակցել այդ քննարկմանը եւ ինչ են առաջարկել։ «Միասնական Հայրենիք»-ը կո՞ղմ է Աղդամի ճանապարհից օգտվելու առաջարկին։ Անձամբ Սամվել Բաբայանը քանիցս անդրադարձել է այդ հարցին եւ դրական վերաբերմունք արտահայտել։


-Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը մեկնաբանություն էր տարածել և հաստատել, որ նախագահ Հարությունյանի կողմից հրավիրված հանդիպում-քննարկումներին մասնակցել է նաև «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը։ Նա ներկայացրել է խորհրդարանական երկրորդ ուժի դիրքորոշումը, այն է՝ զերծ մնալ կարճաժամկետ լուծումներ ենթադրող մոտեցումներից, մշակել բանակցային շրջանակային փաստաթուղթ և այդ շրջանակում երկխոսություն սկսել ադրբեջանական կողմի հետ։ Աղդամի հարցը  տեղավորվում է այս մոտեցման մեջ։

Հ․Գ․ Հավելենք, որ  Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը նաեւ արձագանքել էր շրջանառվող այն տեղեկություններին, թե՝  առաջիկա օրերին  Բաբայանի գլխավորությամբ կարող է պատվիրակություն մեկնել՝  ադրբեջանական կողմի հետ բանակցությունների նպատակով։ «Նման տեղեկություններ գեներացնում են տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող լրատվության միջոցները՝ սպասարկելով շահեր, որոնք միաժամանակ համընկնում են Ադրբեջանի և արցախյան մի խումբ-խմբակի շահին։ Սամվել Բաբայանը, այդ թվում՝ հրապարակային, հայտնել է իր տեսակետը բանկցությունների վերաբերյալ և շարունակում է մնալ այն կարծիքին, որ ինքը չի կարող հանդես գալ որպես բանակցող։ Փոխարենը նա ներկայացրել է բանակցային օրակարգի իր պատկերացումները՝ առաջարկելով մյուս քաղաքական ուժերին ևս գոնե փակ ձևաչափերում հայտնել իրենց տեսակետներն ու մոտեցումները։ Կարծիք չունենալը արդարացման հիմք չի կարող լինել․ մոտեցում, որ որդեգրել են Արցախի քաղաքական ուժերը»,-հայտնել էր ԱՀ ԱԽ նախկին քարտուղարի մամուլի ծառայությունը։

Հեղինե Մանուկյան