Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ հետ միայն արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել, այդ դեպքում Ռուբեն Վարդանյանը ևս պետք է հրաժարական տար. Արցախի պատգամավոր

Մեզ հետ միայն արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել, այդ դեպքում Ռուբեն Վարդանյանը ևս պետք է հրաժարական տար. Արցախի պատգամավոր
Քաղաքականություն
14:09, 16 январь 2023
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովը ցրելու հարցն է ներկայացրել ԱԺ պատգամավորների ու ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազատ-Հայրենիք-ՔՄԴ» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Կասյանն ու ընդգծեց, որ մեծամասնությունը դեմ է եղել արտահերթ ընտրություններին։  

«Արցախում այս պահի դրությամբ արտահերթ ընտրությունները մեզ ձեռք չեն տալիս։ Արցախի Սահմանադրությամբ՝ Ազգային ժողովը ցրելը նշանակում է, որ Արցախի նախագահը ևս պետք է հրաժարական տա, իսկ դա անընդունելի է։ Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է առանց որևէ պատճառի և ամսից ավելի է՝ չի բացում, ու նա երբեք թույլ չի տա, որ Ղարաբաղում արտահերթ ընտրություններ տեղի ունենան»,- հավելեց Արցախի ԱԺ պատգամավորը։ 

Հարցին՝ խորհրդակցության ժամանակ միայն Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հարց քննարկվե՞լ է, պատգամավորն արձագանքեց. «Ոչ, մեզ հետ միայն արտահերթ ընտրությունների հարցն է քննարկվել, այդ դեպքում Ռուբեն Վարդանյանը ևս պետք է հրաժարական տար»։

Հարցին՝ Արցախի կառավարությունում և Ազգային ժողովում ինչպիսի՞ն է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տրամադրվածությունը, կո՞ղմ են, որ նա շարունակի պաշտոնավարել, Վլադիմիր Կասյանը նշեց. «Դրական է, այս պահի դրությամբ։ Ղարաբաղում նման խոչընդոտ հարց չպետք է լինի։ Բոլորը պետք է միավորվեն, պայքարեն մեր հետագա անկախության՝ ժողովրդի ճակատագրի համար։ Բոլորը՝ ժողովուրդը, ԱԺ-ն, միասնական են այս հարցում»։ 

Նշենք, որ երեկ մամուլում շրջանառվում էր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հավանական պաշտոնաթողության հարցը, սակայն Ռուբեն Վարդանյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում գրառեց, որ հրաժարական չի տալու։ 
 
Նարա Մարտիրոսյան