Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել՝ առանց քաղաքական հայտարարություններ անելու․ Արցախում այսօր խորհրդակցություններն ավարտվել են

Ռուբեն Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել՝ առանց քաղաքական հայտարարություններ անելու․ Արցախում այսօր խորհրդակցություններն ավարտվել են
Տարածաշրջան
23:30, 15 январь 2023
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի քաղաքական և ուժային կառույցների վերնախավի հետ խորհրդակցություններն այսօր ավարտվել են։ 

Դրանք կարող են շարունակվել վաղը։ Վաղը ժամը 16-ին նախագահ Հարությունյանը հանդիպում է ունենալու ԱԺ աշխատակազմի և պատգամավորների հետ։ 

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցութան պատգամավոր Դավիթ Իշխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը չի քննարկվել, քննարկվել են այլ խնդիրներ։ 

Վարդանանյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը, մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ, քննարկվել է քաղաքական վերնախավի և  ուժայինների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ այսօրվա նիստի ավարտին համաձանություն է եղել, որ Ռուբեն Վարդանյանը շարունակելու է պաշտոնավարել՝ սահմանափակ լիազորություններով։ Վարդանյանն այլևս քաղաքական հայտարարություններ չի անի, կամ եթե անի՝ բացառապես Արցախի նախագահի հետ համաձայնեցնելուց հետո, և դուրս չի գա ընդհանուր քարոզչական գծից։ Ռուբեն Վարդանյանն Արցախում ավելի շատ տնտեսական հարցերով կզբաղվի և կխոսի դրանց մասին։

Այսպիսով՝  Արցախում հույս ունեն, որ այլևս վնասակար հայտարարություններ չեն հնչի Արցախի ղեկավարության՝ մասնավորապես Ռուբեն Վարդանյանի կողմից։  

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արցախի իշխանական վերնախավում քննարկվում է շուրջ երկուսուկես ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հարցը։ Իսկ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, թե  չի պատրաստվում հրաժարական տալ։