Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր օրակարգում ընդհանրապես քաղաքային խնդիրներ չկան, մեր խնդիրն այսօր անվտանգության նվազագույն չափանիշներ ապահովելն է․ ովքեր գնում են քաղաքային խնդիրներով, միայն իշխանական օրակարգի մեջ են․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան

Մեր օրակարգում ընդհանրապես քաղաքային խնդիրներ չկան, մեր խնդիրն այսօր անվտանգության նվազագույն չափանիշներ ապահովելն է․ ովքեր գնում են քաղաքային խնդիրներով, միայն իշխանական օրակարգի մեջ են․ քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյան
Հարցազրույց
18:09, 29 август 2023
Civic.am-ի զրուցակիցն է Երևանի ավագանու ընտրություններին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

-Պարոն Պետրոսյան, որո՞նք են ըստ Ձեզ Երևանի այն երեք խոշորագույն խնդիրները, որոնց Դուք նախատեսել եք տալ լուծում քաղաքապետ ընտրվելու կամ  Երևանի ավագանու կազմում ներկայացվածություն ունենալու պարագայում։

-Մեր օրակարգում ընդհանրապես քաղաքային խնդիրներ չկան։ 21-րդ դարում քաղաքին առնչվող պարտականությունները, որոնք այսպես թե այնպես պետք է իրականացվեն՝ մեզ մատուցում են որպես բացառիկ առաքելություն և բացառիկ նվիրատվություն։ Մինչև այսօր զվարճանում ենք ավտոբուսներով, աղբահանությամբ, մենք 21-րդ դարում ենք ապրում ու ընդամենը 1մլն-անոց քաղաք ենք, մենք 8 մլն-անոց Շանհայը չենք, որ քաղաքային լուրջ խնդիրներ ունենանք։ Մեր 50 տոկոս բնակչության խնդիրը աղբահանությունը չի, մենք պետք է կարողանանք բնակչության մոտ ձևավորենք այն առաջնահերթությունները, որոնք իրենց պետք է անհանգստացնեն։ Մենք գոյաբանական խնդիրների առաջ ենք կանգնած։ Մեր խնդիրն այսօր անվտանգության նվազագույն չափանիշները ապահովելն է, և օգնել հասարակությանը հաղթահարել այս խորքային անզորությունը։ Մեր պատմության մեջ մենք չենք ունեցել այսպիսի նվաստացումներ։
Մինչ այսօր փակ հանդիպումների մեջ էինք քաղաքացիների հետ, բակային հանդիպումները կսկսենք այսօրվանից, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը։

-Դուք դիտարկե՞լ եք ներկայացված բոլոր ուժերին՝ ում հետ կոալիցիա կկազմեիք, կամ ում հետ չէիք համագործակցի։  

-Իշխանականների հետ չենք համագործակցի, ինչպես նաև խորհրդարանական ընդիմադիր ուժի ներկայացուցիչների։ Այն մարդիկ, ովքեր գնում են քաղաքային խնդիրներով նրանք միայն իշխանական օրակարգի մեջ են։

-Իսկ կա՞ ուժ, որը չի գնում քաղաքային խնդիրներով Երևանի ընտրություններում, և Դուք կարող եք համագործակցել։

-Ես այս պահին չեմ տեսնում ուժի, որը չի գնում քաղաքային խնդիրներով։ Կան նաև ուժեր, որոնց չեմ ճանաչում։ Մենք ձևավորում ենք առաջնահերթությունների համակարգ և իրականության նկատմամբ վերաբերմունքի համակարգ։ Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ գնում ենք վերջնական կործանման, կամ գնում ենք խորքային փոփոխությունների։ 

-Խորքային փոփոխություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք։
 
-Ի տարբերություն այն ուժերի, որոնք միայն շեշտադրում են իշխանափոխությունը, մենք ասում ենք՝ իշխանափոխությունը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման է։ Մենք խնդիր ունենք այս պահին հասարակության խորքային վերակառուցման։ Հիմա մեր հասարակությանը տրվում է համատարած համակերպման օրակարգ, թե մենք այլընտրանք չունենք և չենք էլ ունեցել։ Մեր օրակարգը՝ հասարակությանը զորեղացնելն է։   

Նարա Մարտիրոսյան