Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զառիթափի համայնքապետի որդու «Ազատեկ ՀԷԿ»-ի ոչ պատշաճ շահագործման պատճառով Վայքի բնակիչներից մեկի տունը վթարային է դարձել․ տեսանյութ

Օրերս Civic.am-ին էր դիմել Վայքի բնակչուհի Նորվարդ Միքայելյանը՝ տեղեկացնելով, որ իրենց տունն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչի պատճառ է դարձել այն, որ իրենց տնից երկու մետր հեռավորությամբ անցնում է Վայքի ոռոգման և «Ազատեկ ՀԷԿ» ջրատարը, և ոռոգման սեզոնին ջուրը հոսում է իրենց տան տակ՝ առավել մեծացնելով տան ճաքերը, որտեղից արդեն սողուններ են ներթափանցում տուն, իսկ խոնավությունը առողջական խնդիրներ է առաջացնում տան հինգ անդամների համար։ Տանը կա նաև չորս տարեկան անչափահաս երեխա։

Նորվարդ Միքայելյանը նշել էր նաև, որ այս հարցով դիմել է  տարբեր պատկան մարմինների, սակայն իրենց տան խնդիրը չի լուծվել։ 

Խնդրի վերաբերյալ, ինչպես նաև ՀԷԿ-ի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հարցում էինք ուղարկել Վայոց ձորի մարզպետարան, որտեղից ստացել ենք հետևյալ պատասխանը.
«Վայքի միջով անցնող ինքնահոս մայր ջրատարը, որը ոռոգում է տնամերձների և կանաչապտ տարածքների շուրջ 80 տոկոսը (45 հա), կառուցվել է  1957 թվականին և ունի 500 մետր երկարություն։ Տարիների ընթացքում անընդմեջ շահագործվելով՝ ջրատարի պատերը և հատակը քայքայվել են, ինչի պատճառով տեղի է ունենում  ջրի մեծ արտահոսք՝ վնասելով ջրատարի տակ գտնվող բոլոր տեսակի շենք-շինությունները, առանձնատները, բազմաբնակարան շենքերը։

Ջրատարը պատկանում է համայնքին, և կառուցված օրվանից մինչ օրս այն չի հիմնանորոգվել։ Ժամանակ առ ժամանակ կատարված մասնակի վերանորոգման աշխատանքները որևէ արդյունք չեն տվել, իսկ շահագործման ընթացքում հետևողական չլինելու պատճառով առաջացել են վերը նշված հետևանքները, այդ թվում՝ վնասվել և վթարային է դարձել Նորվարդ Միքայելյանին պատկանող տունը։

2017 թվականի հունիսի 1-ին  «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի և «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ ջրանցքի գլխամասից 450 մետր երկարությամբ հատվածը շահագործվում և սպասարկվում է «Եղեգնաձոր» ՋՕԸ-ի կողմից։ 

Այնուամենայնիվ, Նորվարդ Միքայելյանի տունը գտնվում է ջրատարի այն հատվածում, որը շահագործվում և սպասարկվում է «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ի կողմից, հետևաբար պատճառված վնասի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վայք համայնքը և «Ազատեկ ՀԷԿ»-ը։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն իր իրավասության սահմաններում միջոցներ է  ձեռնարկում ստեղծված իրավիճակը հարթելու և հետագայում նույնաբնույթ խնդիրներից խուսափելու համար»։

Մեզ հետ զրույցում Նորվարդ Միքայելյանն ասաց, որ նախորդ շաբաթ իրենց տուն էր այցելել Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վիգեն Գասպարյանը՝ ճարտարապետի հետ, և նեղսրտել, թե ինչու է վերջինս անընդհատ բողոքում։ 

«Ես էլ պատասխանեցի՝ բա ինչ անեմ, տունս քանդվում է, դուք էլ իմ հարցերը չեք լուծում։ Նրանք եկան նայեցին, բայց ասեցին, որ տունը վերականգնելու համար միլիոններ են պետք, իսկ իրենք այդ գումարը չունեն, ու գնացին։ Խոսել եմ նաև ՀԷԿ-ը շահագործող Սիմոն Բաբայանի հետ, նա նույնպես ասում է, որ դա իր խնդիրը չի»,- ասաց Նորվարդ Միքայելյանը։ 
 
Նշենք, որ Սիմոն Բաբայանը Զառիթափ խոշորացված համայնքի ղեկավարն է։ 

Զրուցել ենք նաև Սիմոն Բաբայանի հետ, և վերջինս նշեց, որ ՀԷԿ-ի սեփականատերն իր որդին է՝ Գոռ Բաբայանը։

«Այդ տարածքը ՀԷԿ-ի պատասխանատվության տակ չի, դա քաղաքապետարանի պատասխանատվության տակ գտնվող առուն է։ Ինֆորմացիան ճիշտ չեն ասել։ Ինչքան հնարավոր է եղել, բնակչին օգտակար ենք եղել, ցեմենտ ենք տվել, որ ամրացնեն, բայց դա մեր պատասխանատվության տակ չի»,- ասաց Սիմոն Բաբայանը։

Հարցին՝ որքան էլ ամրացնում են, միևնույն է, ջրի հոսքի հետևանքով նորից տան պատերի ճեղքերը մեծանում են, արդյոք որևէ ձևով չե՞ն կարող լուծել այդ խնդիրը, Սիմոն Բաբայանն ասաց, որ  ոռոգման սեզոնը երբ վերջանա, իրենք խոստացել են, պարտավորվել են ինչ-որ բանով օգտակար լինել։

«Այնտեղ մի քանի տարի առաջ տղաս գնացել ժեշտապատել էր, փակել էին, այս տարի մի քիչ էլ կերկարացնենք խողովակաշարը»,- ասաց Սիմոն Բաբայանը։

Լիլիթ Թադևոսյան