Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Mercedes Vito-ն ու Opel-ը․ կա 14 վիրավոր
Հասարակություն
20:32, 20 январь 2024
Հունվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 14 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն  ու տեղում հերթապահություն են իրականացնում։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։