Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն և ո՞ր դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ. ԱՍՀՆ

Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն և ո՞ր դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ. ԱՍՀՆ
Հասարակություն
14:29, 02 сентябрь 2021
Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Ուղեգիր է տրամադրվում նաև տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ (նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։

Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

Առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

  • տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց,
  • վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության դեպքերում,
  • իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով յոթ տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ ութերորդ տարվա դիտարկման դեպքում,
  • մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում։
Բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով՝ քաղաքացին կարող է դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող համապատասխան բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կտրամադրի ուղեգիր (ձև 088):

Վերջինիս առկայության դեպքում՝ անձը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով առողջական վիճակի  վերաբերյալ բժշկական փաստաթղթեր: