Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Սարգսյանը՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսը, դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման, որից 2 տարին արդեն կրել է կալանքի տեսքով

Նարեկ Սարգսյանը՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսը, դատապարտվեց 5,5 տարի ազատազրկման, որից 2 տարին արդեն կրել է  կալանքի տեսքով
Իրավունք
13:00, 16 июнь 2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին Նարեկ Սարգսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5.5 տարի ժամկետով, որից 2 տարին արդեն կրել է կալանքի տեսքով։

Ալեքսանդր Սարգսյանի որդին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ և 2019-ի դեկտեմբերին արտահանձնվել Հայաստանին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Նարեկ Սարգսյանի համար պատիժը սահմանել էր ազատազրկում՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն այս վերջնական պատժից հանվեց Նարեկ Սարգսյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը մնաց անփոփոխ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ Նարեկ Սարգսյանն ընդունել էր իր մեղքն ու համաձայնել իրականացնել արագացված դատաքննություն։ 

Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ դատարանը որոշեց մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի արարքների կատարման մեջ․ «235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտել ազատազրկման 2 տարի, 6 ամիս ժամկետով, 38, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով դատապարտել ազատազրկման 4 տարի, 6 ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 1-ին, 2-րդ 3-րդ և 7-րդ կետերով նշանակված 4 տարի 6 ամիս ազատազրկմանը մասնակի գումարել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 168-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժներից վեցական ամիս ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով։  Քրեկան օրենսգրքի 65-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատժին հաշվարկցել սույն քրեական գործով 06․12․2018թ․-ից մինչև 12․11․2020թ․ անազատության մեջ գտնված ժամանակահատվածը և Նարեկ Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ թողնել կրելու 3 տարի 6 ամիս 23 օր։ Պատժի կրելու սկիզբը հաշվել 12․04․2021թ․-ից»,- դատավճիռը հրապարկեց Վահե Միսակյանը։ 

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր զենք, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև անձի առևանգման մեջ։