Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հուշաղբյուրի բացում՝ ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին

Հուշաղբյուրի բացում՝ ոստիկանության  կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին
Հասարակություն
13:01, 11 октябрь 2021
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ստեփանակերտում բացվեց ոստիկանության կապիտան Արսեն Հարությունյանի հիշատակին կառուցված հուշաղբյուրը,  որին մասնակցել են նաև ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը, համակարգի նախկին ղեկավար՝ այժմ ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը, ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողներ, մարտական ընկերներն ու հարազատները: 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում, ոստիկանության համահավաք գումարտակը՝ քաղաքացիներին ռազմական սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, Արցախի տարբեր բնակավայրերում մասնակցել են ռազմական գործողություններին: 

2020 թվականի հոկտեմբերի 15-ին Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում, Ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հարվածից, ոստիկանության ևս 8 ծառայողի հետ անմահացավ նաև ՊՊԾ 2-րդ վաշտի երիտասարդ հրամանատարը: 

ՆԳ նախարարն իր ու ամբողջ համակարգի անձնակազմի անունից զորակցություն և մշտապես աջակցելու պատրաստակամություն է հայտնել Հարությունյանների ընտանիքին, մաղթել համբերություն և ոգու կորով:

Հուշաղբյուրը կառուցվել է Արսենի մոր՝ տիկին Թամարայի նախաձեռնությամբ: Վայրը պատահական չի ընտրվել. Օջախի շեմին, որտեղ Արսենը ծնվել, մեծացել և ապրել է կյանքի լավագույն տարիները:

Համածառայակից ու մարտական ընկերներն Արսենի մասին ներկայով են խոսում: Արսենը քաջ հրամանատար էր, մեծահոգի ընկեր ու չափազանց հայրենասեր:

Հուշաղբյուրի բացմանն օրհնության կարգ է կատարել Տեր Մինաս քահանա Մովսիսյանը: Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշաղբյուրի պատվանդանին և ջուր խմել հուշաղբյուրից: 

Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին։